Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ծառահատման հետևանքով շատ տեսակներ անհետացման եզրին են». ի՞նչ ծրագիր է առաջարկում բնապահպանը

16:40, երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ.
«Ծառահատման հետևանքով շատ տեսակներ անհետացման եզրին են». ի՞նչ ծրագիր է առաջարկում բնապահպանը

Հայաստանում ապօրինի ծառահատումների խնդիրը շարունակում է մնալ արդիական: «Բիզնեսի պատճառով այսօր հատում են էկոլոգիական նշանակություն ունեցող ծառեր, որոնք օգտագործվում են կահույքագործության համար, ինչը փոխում է ծառերի կազմը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով այս սեզոնին ապօրինի ծառահատումների ակտիվացման խնդրին, նշել է բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր մեզ մոտ փոխվել է ծառերի կազմը, շատ տեսակներ նույնիսկ անհետացման եզրին են:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ գյուղացիներն են իրականացնում ապօրինի անտառահատումները, մյուս կողմից էլ՝ դա, ընդամենը, մեծ բիզնեսի հետևանք է, Կ. Դանիելյանն ասաց. «Գյուղացիները կապ ունեն այնքանով, որ իրենց ձեռքով են կտրվում ծառերը, սակայն կարծում եմ, որ ավելի շատ ազդում է խոշոր բիզնեսը: Ես այս մասին բազմիցս բարձրաձայնել եմ պետական գերատեսչություններում, և բոլորը հերքել են՝ նշելով, որ Հայաստանում անտառհատման բիզնես չկա, մինչդեռ համոզված եմ, որ կա»,- վստահեցրեց մեր զրուցակիցը, ում կարծիքով, նշված խնդիրը լուծելու համար կա այլ ծրագիր, այն է՝ «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց»: «Այս գործիքն առաջարկվել է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագիրը հետևյալն է՝ երկու երկրների միջև ձևավորվում է արտաքին պարտք, երկրները հանդես են գալիս հայտարարությամբ, որ պատրաստ են պարտքի որոշակի մասը զիջել, եթե դրա դիմաց իրականացվեն բնապահպանական ծրագրեր: Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի շարժումը լինի երկու կողմից՝ պետության և բնակիչների»,- շարունակեց Դանիելյանը՝ նշելով, որ բնապահպանական այս ծրագիրը շատ ընդունված է զարգացած երկրներում: «Ծրագրի կիրառման դեպքում հնարավոր է մարել նաև երկրի պարտքը: Ավելին՝ պետք է երկկողմանի լինի աջակցությունը, մինչդեռ այսօր մեզանում դեռևս երկու կողմն էլ՝ թե՛ պետությունը, թե՛ բնակչությունը, ակտիվ չեն»,- եզրափակեց բնապահպանը:

2839 | 0
Facebook