Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հայտարարությունը՝ 5-ամյա երեխայի մահվան կապակցությամբ

23:10, կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ.
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հայտարարությունը՝ 5-ամյա երեխայի մահվան կապակցությամբ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, թե ԲԿ-ում բուժօգնություն ստացող Երևանի բնակիչ, 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Գրառման մեջ նշվում է. «Shamshyan.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք, որ 17.10.2018թ. «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո՝ 27.10.2018-ին : Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնության մեքենայով, անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի կոմա ախտորոշումով (Գլազգոի սանդղակով 3-4 բալլ): Շտապ կատարվել են գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա և ախտորոշվել է թարախային պնևմոկոկկային մենինգիտ: Երեխան անցկացվել է արհեստական շնչառության և սկսվել է հզոր հակաբակտերիալ և համալիր բուժում: Բուժման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ կոնսիլիումներ Հայաստանի առաջատար մասնագետների` նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների, նեֆրոլոգների մասնակցությամբ: Ընթացքում զարգացել է պոլիօրգան անբավարարություն, և սուր երիկամային անբավարարության պատճառով 6 օրվա ընթացքում անց է կացվել պերիտոնեալ դիալիզ: Չնայած ամբողջ ծավալով կատարված ախտորոշմանը և վիճակին համապատասխան կատարվող արդի համալիր միջոցառումներին, բուժումը եղել է անարդյունավետ: Ամբողջ բուժման ընթացքում բուժող բժիշկների և կոնսուլտանտների կողմից ծնողներին տրվել է մանրամասն բացատրություն երեխայի վիճակի ծայրահեղ ծանրության և սպասվելիք ելքի մասին:
     Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունվելը երեխան հսկվել է տարբեր բուժ կենտրոններում, իսկ երեխայի մահանալուց հետո ծնողները դիմել են իրավապահ մարմիններին:
     «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում բուժման ընթացքի վերաբերյալ ծնողների կողմից որևէ դժգոհություն չի եղել, ինչի մասին վկայում է հոր մեկնաբանությունը Shamshyan.com կայքում:
     «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ամբողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին»:

6738 | 3
Facebook