Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Անի Սամսոնյանը դիմել է Հայկ Մարությանին

15:35, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
Անի Սամսոնյանը դիմել է Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր դիմել եմ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին` հետևալ գրությամբ․

Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական խիստ վատթար վիճակի հետևանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները և ամենօրյա բողոքները։

2018 թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը գրավոր նամակով դիմեց «Սանիթեք» ընկերությանը և փաստելով, որ մայրաքաղաքում ստեղծվել է վտանգավոր հակասանիտարական և համաճարակային իրավիճակ՝ պահանջեց յոթօրյա ժամկետում դատարկել բոլոր լցված աղբամանները, վերականգնել աղբահավաքման կանոնավոր աշխատանքը` պայմանագրի տարածքում։ Նամակում նաև նշել էինք, որ «պահանջի չկատարման դեպքում, Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը դիմելու է Երևանի քաղաքապետարան ծառայությունների մատուցման պայամանագիրը լուծարելու նպատակով»։

Այս պահանջից հետո, սույն թվականի օգոստոսի 8-ին, Երևանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն հետևալի մասին.
     «Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով»:

Պետք է նշեմ, որ որ Երևանի ավագանու անդամների կողմից նշված յոթնօրյա ժամկետի պահանջները այդպես էլ չիրագործվեցին, իսկ Երևանի քաղաքապետարանի տուգանքը որևէ կերպ չազդեց «Սանիտեք» ընկերության աշխատանքի բարելավման վրա։

Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը կնքել է երկու պայմանագիր։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված առաջին պայմանագրում որպես Կատարող կողմ հանդես է գալիս «Սանիտեք» ընկերությունը, որը գրանցված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում (ստորագրված՝ Նիկոլաս Նաբիլ Էլ Թաուիլի)։ «Սանիթեքին» է հանձվել Երևան քաղաքի Արևմտյան հատվածի (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտորն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը։
     2015 թվականի մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանը, առանց մրցույթի (մրցույթի հայտարարման մասին տեղեկություններ առկա չեն), ևս մեկ պայմանագիր է կնքել 10 օր (պայմանագրի կնքման պահից) առաջ ՀՀ-ում գրանցված (գրանցման համար՝ 278.110.849775 / 2015-03-17) «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ (ստորագրված՝ Նիկոլաս Էլ Թավիլ) և վերջինիս հանձնել Երևան քաղաքի Արևելյան հատվածը (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Քանաքեռ-Զեյթուն)։

Վերջին երկու տարում «Սանիթեք» ընկերությունը տապալել է Երևան քաղաքում աղբահանության և սանմաքրման աշխատանքներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնցից բխող բոլոր խնդիրները գտնվել են բացառապես ընկերության լուծման տիրույթում։ Այսօր կարող ենք փաստել, որ «Սանիթեք» ընկերությունը սպառել է իր կառավարչական, տեխնիկական և սոցիալական պատասխանատվության բոլոր կարողությունները, Երևան մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման կանոնավոր և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ «Սանիթեք»-ի կողմից տրված որևէ խոստում և վերջինիս հետ որևէ բանակցություն այսուհետ զրկված է մեր և հանրային վստահությունից։

Երևանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է հետևալը. «Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց և թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։ Պետք է նշեմ, որ երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության մասին դրույթը առկա էր նաև «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրում և այս հարցում Երևանի ավագանու երկու՝ «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների՝ խնդրի լուծման տարբերակը և նպատակը համընկնում են։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ հրատապ կերպով Երևան քաղաքի արևելյան հատվածի աղբահանության և սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու, նոր, բաց, թափանցիկ մրցույթ հայտարարելու և ծառայությունների մատուցման երկրորդ օպերատոր ներգրավելու համար»։

8987 | 1
Facebook