Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել РИА Новости-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
«Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցություններին: Բաքուն բազմիցս հայտարարել է արդյունավետ երկխոսության անցկացման անհրաժեշտության մասին: Բարձր մակարդակով հանդիպումը, որը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, օրինակ է, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակային երկխոսության: Ցավոք, Հայաստանում իշխանափոխությունը որոշակի առումով սառեցրեց գործընթացը: Հուսով ենք՝ մոտ ապագայում Հայաստանը բանակցային գործընթացը շարունակելու համար քաղաքական կամք կդրսևորի»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների միջև:
Մամեդյարովը հայտնել է նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ ակտիվ քննարկումների մասին:
«Այդ առումով մենք ակտիվ երկխոսություն ենք վարում ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, բացառությամբ Հայաստանի, որը շարունակում է Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիան»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքը: