«Ինչպե՞ս Սերժ Սարգսյանը կարողացավ երկար տարիներ պահել իշխանությունը». Նիկոլ Փաշինյան
Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է ՀՀԿ-ին ընդդիմության դերում, քանի որ Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ պետք է մասնակցի ընտրություններին և լինի այնպիսի ընդդիմություն, որը կկարողանա զսպել իշխանության քաղաքական ախորժակը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չէ, որ ՀՀԿ-ին պետք է պատկերացնեմ ընդդիմության կամ իշխանության դերում, դա պետք է անեն ընտրողները և մեր գործառույթը համարում եմ ազատ կամարտահայտման համար հանարավորություն ստեղծելը: Իհարկե, քաղաքական բոլոր ուժերի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի նրանք ուրիշների հետ իրավունքների հավասարության պայմաններում մասնակցեն: Պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, որոնք որ պետք է պատասխանեն այդ հարցերին՝ իրենց քվեարկության և վերաբերմունքի միջոցով»: Հարցին՝ նախկին պաշտոնյաներից հնարավո՞ր է համալրեն խորհրդարանական ընտրությունների մասնակիցների ցուցակը, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ցուցակում հնարավոր են լինեն տարբեր ուժեր: Ես հույս ունեմ՝ այս պրոցեսը, ինչ-որ անում ենք, կլինի, չեմ ասում իդեալական, բայց գոնե այդ ուժերի համախմբում: Մենք մեծ խնդիր ունենք կոնսոլիդացնելու, համախմբում իրականացնելու ուղղությամբ: Պետք է փորձ անել՝ պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել: Եկեք հասկանանք, թե ինչպե՞ս Սերժ Սարգսյանը երկար տարիներ կարողացավ պահել իշխանությունը: Եթե նայենք, կհասկանանք՝ պրոֆեսիոնալներին ներգրավելով: Նրանց ներգրավելով հո չե՞ն ասել՝ եկեք, գնանք երկիրը թալանենք, ասել են՝ հանուն ազգի, պետության պետք է այս ծառայությունը ստանձնենք... Էլի եմ ասում՝ ով ուզում է լինի՝ կլինեմ ես, Հունան Պողոսյանը, թե մեկ այլ անձ, եթե հընթացս կպարզվի, որ նա քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Փաշինյանը: |