Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վստահ եմ՝ ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում գիտեն սա». Վարդան Հարությունյան

16:20, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Վստահ եմ՝ ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում գիտեն սա». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Հատուկ քննչական ծառայությունը ԻՐՈՔ ցանկանում է, ԻՐՈՔ նպատակ ունի հանրությանն անակնկալներ մատուցելու փոխարեն իրական արդյունք ցույց տալ ու բացահայտել մարտի 1-ի գործը և կոնկրետ մարդկանց դեմ հիմնավոր ու անբեկանելի մեղադրանքներով ու ապացույցներով դատարան մտնել, ապա տուժողներին կրիայի դանդաղկոտությամբ հարցաքննելուն զուգահեռ պետք է հարցաքննությունների հրավիրի ու ԼՐՋՈՐԵՆ, այլ ոչ ձևական, հարցաքննի այն քննիչներին, որոնք մարտի 1-ի գործով մարդկանց գործեր են քննել և շինծու մեղադրանքներով նրանց խափանման միջոցի հարցով դատարաններ են մտել, այն ոստիկաններին որոնք կեղծ ցուցմունքներ են տվել։ Պետք է մարտի 1-ի գործի շրջանակներում մարդկանց բաժիններ բերման ենթակած ու արձանագրություններ կազմած ոստիկաններից, շինծու գործեր սարքած քննիչներից տեղեկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ցուցակագրվել բերման ենթարկվողները և ո՞վ է նրանց ցուցակագրել։ Կեղծ ցուցմունքներ տվող ոստիկաններից, պատվիրված դատավճիռներ հրապարակած դատավորներից պետք է տեղեկանալ, թե ո՞ւմ հանձնարարությունն են կատարել։ Սա է այն ճանապարհը, որը կտանի գործի ամբողջական բացահայտման։ Ռոբերտ Քոչարյանով չի սկսվում ու ավարտվում այս գործը։ Անգամ, եթե ինչ որ հրաշքով Քոչարյանն ընդունի իրեն ներկայացված մեղադրանքը՝ դա չի կարող մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտում դիտարկվել։ Վստահ եմ, ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում գիտեն սա, բայց զարմանալի է, թե ինչո՞ւ են այլ ու այսքան խախուտ ճանապարհով գնացել ու գնում։ Ինչո՞ւ են գործը բացահայտելու փոխարեն սևեռվել Քոչարյանի մեղավորությունն ապացուցելու վրա։ Саботаж? Չի բացառվում։ Եթե մանրակրկիտ ու հետևողական աշխատանքով ներքևից վերև չբարձրանան, ապա տապալվելու են իրենք ու տապալելու են այս կարևոր գործի բացահայտումը»։

7332 | 2
Facebook