Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս անթույլատրելի և խայտառակ փաստերը ՔՊ-ն չպետք է անտեսի». Արթուր Սաքունցը՝ երեկվա ձայնագրության մասին

10:55, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Այս անթույլատրելի և խայտառակ փաստերը ՔՊ-ն չպետք է անտեսի». Արթուր Սաքունցը՝ երեկվա ձայնագրության մասին

«Այս անթույլատրելի և խայտառակ փաստերը պետք է գնահատական ստանան ՔՊ-ի կողմից՝ անտեսել չի կարելի»,- անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Տեղեկացնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին՝ հավելելով, որ Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։

Տեղեկությունը ստուգելու նպատակով ՀԿ-ի աշխատակիցը զանգահարել էր Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել է ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Fip.am-ի տարածած տեղեկությունն ուղղակի սադրանք է, իսկ նախընտրական քարոզարշավն անցել և անցնում է հավասար, մրցակցային պայմաններում:

10422 | 9
Facebook