Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ով վստահ չէ, թող ջուրը չմտնի, այլապես ափ դուրս չի գա». Արմենակ Կյուրեղյան

10:25, ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
«Ով վստահ չէ, թող ջուրը չմտնի, այլապես ափ դուրս չի գա». Արմենակ Կյուրեղյան

Արեգ և Հայկ Կյուրեղյանների հայրը` Արմենակ Կյուրեղյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այժմ հասարակության բուռն քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության հարցը: Ով չգիտի, որ Հայաստանում պետական համակարգը տիպիկ գաղութացված երկրի պետական համակարգ է: Այսինքն՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, հարկային, մաքսային օրենքներ, ուժային կառույցներ, մամուլ, սոցիալական արդարություն, էլ չնշեմ` առանց բացառության պետական համակարգի կառուցվածքային բոլոր հանգույցները և այդ հանգույցների գործունեությունը կանոնակարգող օրենքները, սկսած սահմանադրությունից, ստեղծած են հատուկ երկիրը գաղութային վիճակում պահելու և վերջնականապես մեր երկիրը գուբերնիայի վերածելու համար: Այդպես է բոլոր գաղութացված երկրներում: Համակարգն այնպիսին է, որ գործում է միայն կոռուպցիայի, անօրինականության, թալանի, արդարադատության բացակայության, համատարած բռնության պայմաններում: Եվ այս համակարգը բացառում է որևէ օղակում, որևէ կադրի գոյությունը, որը կծառայի ժողովրդի շահերին: Այդ համակարգը, իր բոլոր կադրերով, չի կարող չծառայել գաղութատիրոջը:
     Հույս ունեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իշխանությունները, ոնենալով բոլոր լծակները, կսկսեն անկախ ինքնիշխան ազգային պետության համակարգային կառուցվածքների ստեղծումը և այն սահմանադրությամբ ամրագրելու գործընթացը: Համակարգն ինքը կզտի բոլոր կադրերին և կառավարիչները կծառայեն միայն ժողովրդի շահերին, այլապես արագ դուրս կթռնեն: Եվ ոչ մի պաշտոնյա չի համարձակվի օրենք խախտել և հոխորտալ ժողովրդի վրա: Սա ուտոպիա չէ, ոչ էլ նոր հայտնագործություն. սա աշխարհի փորձն է: Բոլոր զարգացած ուժեղ պետությունները, նաև գաղութային լծից ազատվածները, այս ճանապարհով են հասել իրենց երազանքներին: Իսկ ով ընտրել է այլ ճանապարհ՝ աղքատ, անարժանապատիվ, իրավազուրկ, բարոյազուրկ կյանք, նաև պատերազմ և կոտորած է ստացել:
     Հ. Գ. Համբերությամբ սպասում եմ արտահերթ ընտրություններին: Ժողովրդի վստահությունն ստացած ուժը (ով ուզում է լինի), կրելու է ողջ պատասխանությունը Հայաստան պետության և հայ ժողովրդի ապագայի համար: Ազատ, անկախ, ինքնիշխան, ազգային, արժանապատիվ պետություն: Այս հարցում ոչ մի կոմպրոմիս չկա: Ով վստահ չէ, թող ջուրը չմտնի, այլապես ափ դուրս չի գա»:

4271 | 2
Facebook