Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրագրողի անհետացման սկանդալի ֆոնին՝ Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնին փոխարինող են փնտրում

16:25, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Լրագրողի անհետացման սկանդալի ֆոնին՝ Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնին փոխարինող են փնտրում

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի անհետացման պատճառով Էր Ռիյադի վրա ճնշումները ստիպել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին փոխարինող փնտրել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Le Figaro-ին:

Պարբերականի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ թագավորական ընտանիքի «իմաստունների խորհուրդն» արդեն մի քանի օր է՝ խորհրդակցություններ է անցկացնում փակ դռների հետևում:

«Փորձագետների կարծիքով՝ ատյանը կարող է թագաժառանգ արքայազնի տեղակալ նշանակել: Այդ պաշտոնը վերացել էր 2017թ., երբ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պաշտոնապես թագաժառանգ դարձավ»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Նրա տեղակալ կարող է նշանակվել 30-ամյա Հալեդ բեն Սալմանը՝ արքայազնի կրտսեր եղբայրը, ով անցած շաբաթ վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը:

Հիշեցնենք, որ անհետացած լրագրողը, ով քննադատում էր Սաուդյան Արաբիայի իշխանությունների քաղաքականությունը, հոկտեմբերի 2-ին մեկնել էր Ստամբուլ, իր երկրի գլխավոր հյուպատոսություն, որից հետո նրա մասին տեղեկություն չէր ստացվել: Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են հյուպատոսությունում:

6869 | 0
Facebook