«Ես իմ պաշտոնավարման տարիներին, նաև նախկինում, շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որևէ մեկը մի դրվագ թող փաստով ներկայացնի, որ ես իմ պարտականությունների առաջ թերացել եմ: Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ունենալու ենք նմանատիպ լավ պատկեր, ինչ ունեցանք ավագանու ընտրություններին: Դա կօգտագործենք նաև մարզերում: Հիմա չեմ բարձրաձայնի, նոր մոտեցումներ են լինելու»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ ընտրություններին, որևէ ոստիկանության աշխատակից իրավունք չիունի ուղղորդի որևէ մեկի, պարտադրի կամ թելադրի:
Խոսելով ապօրինի զենքով շրջող քաղաքացիների մասին և պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ այս առումով վարչապետի հրահանգը թուլացել է, ոստիկանապետը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ վարչապետն անընդհատ այդ մասին հիշեցնի. «Հրահանգը եղել է մեկ անգամ»,- նշեց Օսիպյանը:
Անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցին, Վ. Օսիպյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի ճիշտ որոշում է կայացրել. «Կարծում եմ՝ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- եզրափակեց ոստիկանապետը։