Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում բնակչությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 10 հազարով, ծնելիության մակարդակն էլ ամենացածրն է տարածաշրջանում

02:10, հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Հայաստանում բնակչությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 10 հազարով, ծնելիության մակարդակն էլ ամենացածրն է տարածաշրջանում

Հայաստանի բնակչության թիվը, 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եղել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ծնելիության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 16 հազար 189 երեխա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնվել է 17 հազար 170 երեխա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում բնակչությունը, 2018թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով, նվազել է 10 հազար մարդով: Ըստ Armenpress-ի, այս տվյալները լրագրողներին են ներկայացրել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ամփոփելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչություն» ամենամյա զեկույցը:

Ծովինար Հարությունյանն աել է, որ այսօր երկրներն, ըստ ծնելիության գործակցի, դասակարգվում են 4 խմբի: Հարևան երկրների համեմատությամբ Հայաստանում ծնելիության մակարդակը շատ ավելի ցածր է, կազմում է՝ 1,6%: Թուրքիայում, Ադրբեջանում 2,05 է, Իրանում և Վրաստանում՝ մոտ 2%: Աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակից ունեցող երկիրը Նիգերն է՝ 6.6 գործակից, և ամենացածր տոկոսն արձանագրվել է Չինաստանի նահանգներից մեկում՝ 1.1 գործակից: Հայաստանում ամենաբարձր ծնելիությունը, ըստ Աննա Հովհաննիսյանի, գրանցվել է 1990-ական թվականներին, երբ մոտ 80.000 ծնունդ է գրանցվել. «Այդ ժամանակվանից հետո Հայաստանը հետ չի մնում համաշխարհային ցուցանիշներից, և ծնելիությունը գնալով նվազում է: Մեր ցուցանիշն ամենացածրն է՝ հարևան երկրների համեմատությամբ: 2018 թվականի առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, համեմատած 2017թ.-ի հետ: Սակայն, մենք փոքր-ինչ տարբերվում ենք տարածաշրջանային այլ երկրներից՝ մահացության գործակցով։ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի երկրներում մահացածների թվաքանակն ավելի մեծ է, քան ծնվածներինը։ Հայաստանում այս տարի մոտ 1500 դեպքով մահացության ցուցանիշը նվազել է: Եթե անցած տարի նույն ժամանակաշրջանում 14 հազար 500 էր, ապա այս տարի այդ թիվը 13 հազար է: Սա ավելի փոքր է, քան ծնվածների թիվը: Ժողովրդագրական տեսանկյունից սա նշանակում է, որ մենք դեռեւս ունենք բնական հավելաճ»: Հովհաննիսյանն ընդգծել է, որ բնակչության թվաքանակի 10 հազարով նվազումը արտագաղթի բացասական մնացորդի հետևանքն է։ Հայաստանում մտահոգիչ է նաև ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների աճն ու գործազրկության բարձր մակարդակը, որոնց կարգավորման համար ակնկալվում է պետության հետևողական և լուրջ միջամտություն, պետական քաղաքականություն։ Խոսելով բնակչության ծերացման ցուցանիշների մասին՝ նա ասել է, որ Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում տղամարդիկ տասը տարով ավելի շուտ են մահանում կանանցից: Հայաստանում այս տարբերությունը կազմում է յոթ տարի: «Նման ցուցանիշները բերում են բնակչության ծերացմանը: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր երկրում, տարեցները՝ 63 տարեկան և դրանից ավելի բարձր, կազմում են ընդհանուր բնակչության 13%-ը։ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Ըստ ՄԱԿ-ի միջազգային սանդղակի, եթե բնակչության ծերացման գործակիցը 7%-ից ավելի է, բնակչությունը համարվում է ծերացող»,- մանրամասնել է Հովհաննիսյանը՝ միաժամանակ ներկայացնելով ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականի տարեցների թիվը: Նա նշել է, որ ունենք բավականին մտահոգիչ պատկեր: Այն կազմելու է մոտ 22%, ինչը համարվում է լուրջ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական մարտահրավեր։

Առավել մասնրամասն՝ սկզբնաղբյուրում:

6140 | 0
Facebook