Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեծ է հավանականությունը, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ»․ Փաշինյան

19:20, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
«Մեծ է հավանականությունը, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին:
     Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե, չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»:
     Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք «Ելք» դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար և որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թևը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»:

«Մեծ է հավանականությունը, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ»․ Փաշինյան Տեսանյութը՝ Ազատություն.am-ի
4782 | 0
Facebook