Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է. աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետին

17:50, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է. աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետին

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Ալավերդու պղնձաձուլական գործարանը Հայաստանի ամենահին արդյունաբերական ձեռնարկությունն է: Գործարանն է եղել Ալավերդի քաղաքի կայացման, զարգացման, բարեկարգման և բարգավաճման հիմնական աղբյուրը:

Իր գոյության շուրջ 250 տարիների ընթացքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեությունը դադարեցվել է ընդամենը 4 անգամ՝ կապված պատերազմների, ասպատակությունների և հեղափոխությունների հետ: Վերջին դադարը կապված էր ԽՍՀՄ-ի փլուզման հետ, երբ գործարանը լուծարվեց ու հիմնովին ավերվեց: Որպես բնակավայր Ալավերդին միանգամից կորցրեց իր ուրույն դեմքը: Ալավերդին միանգամից դատարկվեց, որովհետեւ Ալավերդու գոյությունն իսկ պայմանավորված էր պղնձաձուլարանի առկայությամբ ու աշխատանքով:

Գործարանի հերթական վերածնունդը ութ տարի անց 1997 թվականին էր: Կարծում ենք՝ հարկ չկա մանրամասնելու 1997-2018թթ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնտեսավարման արդյունքները. Ալավերդու և հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքի եռուզեռը դրա վկայությունը և վառ ապացույցն են:

Սակայն այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանը հինգերորդ անգամ կանգնած է փակման եզրին: Ինչպես գործարանի աշխատողների, այնպես էլ Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի բնակչության համար նորից օրակարգի գերխնդիր դառնում է մի կտոր հացի խնդիրը:

Գործարանի յուրաքանչյուր աշխատատեղ իր գոյությամբ նպաստում է սպասարկման ոլորտի 3-4 աշխատատեղի լինելուն: Մենք, գործարանի 630 աշխատակիցներս, չենք ուզում, որ մեր եւ մեր մերձավորների ընտանիքները մնան առանց օրվա հացի:

Հարգելի պարոն Փաշինյան,

մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի բնակիչների հույսը մեր նորընտիր կառավարությունն է: Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ. մենք չգիտենք մեր հետագա ճակատագիրը: Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու եւ հարակից շրջանների բնակչության արտագաղթ:

Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ:

Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը: Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի եւ ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ:

Պարոն Վարչապետ,

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվը խնդրում է Ձեզ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը: Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտարկվել որպես միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ»:

6434 | 0
Facebook