Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն իր Telegram-ալիքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարին, որը նրանք պարել են Երևանում: Ազգային պարերի մեծ սիրահար Քադիրովը նրանց հրավիրել է Գրոզնի։
Ռամզան Քադիրովը նշել է, որ պարը միավորում է Կովկասի ժողովուրդներին: Ըստ նրա՝ լեզուն ու պարը ժողովրդի պահպանման պարտադիր պայմանն են. «Ինչու՞ անդրադարձա այդ թեմային այսօր։ Հիշեցի, երբ տեսա, թե ինչպես են Փաշինյանն ու Մակրոնը գեղեցիկ պարում։ Կարծում եմ՝ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հրաշալի, բարի և կովկասյան ժողովուրդների համար օգտակար պարային մարաթոնի սկիզբ դառնալ։ Կարծում եմ, որ նախաձեռնությունը կսատարեն հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ»:
Նա տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից Գրոզնիում մեկնարկել է Մահմուդ Էսամբաևի անվան միջազգային փառատոն-պարի մրցույթ, որին ներկա են լինում պատվավոր հյուրեր։
«Ուրախ կլինեինք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին»,- նշել է Ռամզան Քադիրովը։