Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Այդ հրահանգը տվողները պատկերացնու՞մ են արդյոք, թե ինչ հիմար հրահանգ են տվել». Մարինա Խաչատրյանը՝ առողջապահության խնդիրների մասին

20:55, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Այդ հրահանգը տվողները պատկերացնու՞մ են արդյոք, թե ինչ հիմար հրահանգ են տվել». Մարինա Խաչատրյանը՝ առողջապահության խնդիրների մասին

«Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանըի դիտարկումներ է ներկայացրել Առողջապահական Համակարգի մի շարք խնդիրների վերաբերյալ։ «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ վեր հանել մի քանի խնդիր, որոնք կապված են առողջապահության համակարգի հետ, քանի որ հանդիսանում եմ պրակտիկ բժշիկ և ամեն օր շփվում եմ պրակտիկ բժշկական աշխատանքում առկա բազմաթիվ խնդիրների հետ։

Այսօրվա համար առանձնացրել եմ դրանցից երկուսը.

· Բուժշախատողների իրավական պաշտպանվածության հարցը և

· Առողջապահական համակարգում առկա էթիկայի հարցերին առնչվող խնդիրները

Տարիներ շարունակ բարձր ամբիոններից խոսվում է բուժաշխատողների իրավական պաշտպանվածության մասին, արդյունքում միևնույն է բուժաշխատողները մնում են անպաշտպան, մշտապես քարկոծվողի կարգավիճակում։

Ասեմ ավելին, շատ բուժաշխատողներ լքում են մեր երկիրը ոչ այնքան այն պատճառով, որ սոցիալական վատ պայմաններում են ապրում, այլ այն պատճառով, որ չունեն իրավական պաշտպանվածություն։ Եկեք չմոռանանք, որ ցանկացած բուժաշխատող նույնպես մարդ է, ով գալիս է աշխատանքի մյուս մարդկանց օգնելու, այնուհետև նաև ապրուստի միջոց վաստակելու, իր ընտանիքը պահելու, իր երեխաներին ուսման տալու համար։

Մեր խնդիրը նրանում է կայանում, որ չկա վստահություն բուժաշխատողների նկատմամբ, դեռ ավելին, հասարակության մեջ ձևավորված է բացասական կարծիք, երբեմն նաև ատելություն նրանց նկատմամբ։ Այցելուն հնչեցնում է սպառնալիքներ, հայհոյանքներ, հարվածում կամ ծեծում է բուժաշխատողին։

Ձեզանից որևէ մեկը կհանդուրժի, եթե ձեր հոր, մոր, եղբոր, քրոջ, կնոջ կամ երեխայի հետ այդպես վարվեն։ Իհարկե` ոչ։

Ես հստակ գիտակցում եմ, որ հասարակ զրույցով հնարավոր չէ լուծել այս հարցը, այստեղ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ օրենսդրական դաշտում։

Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք հիմա կասեն – հասնում է բժիշկներին։

Այդպիսի մոտեցման պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք. բժիշկների արտագաղթ, սովորելու և առողջապահությունն առաջ տանելու ցանկության բացակայություն, մարզերում բժշկական կադրերի պակաս և այլն։

Ես համոզված եմ, որ բուժաշխատողների նկատմամբ վստահությունը բարձրացնելու, բժշկական կադրերի արտագաղթը կանխելու, բժշկական սպասարկման որակը բարձրացնելու համար առաջին հերթին պետք է ընդունել բուժաշխատողներին իրավական պաշտպանվածություն ապահովող օրենքներ։

Բժիշկների վրա դրված պարտականություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները։

1. Բժիշկը պետք է մտածի հիվանդի հետազոտման և բուժման մասին, ինչը նրա ուղղակի պարտականությունն է և ինչի համար նա կրում է պատասխանատվություն։ Թերևս սա է միակ գործառույթը, որով պետք է զբաղվի բժիշկը, սակայն նրա ուսերին են դրված նաև այլ խնդիրներ։

2. Ֆինանսական հարցի պարզաբանում և լուծում - պետք է բացառել բուժաշխատողների աշխատանքի ընթացքում ֆինանսական հարցերի բարձրաձայնումը բուժաշխատողների կողմից։ Շատ հաճախ բժիշկը հիվանդին բացատրում է իր հետ բոլորովին կապ չունեցող վճարումների մասին, ինչի արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ բժիշկը գումար պահանջեց այցելուից։ Սա մի աբսուրդ է, որը պետք է վերացվի շտապ կարգով։ Բժիշկը պետք է խոսի միայն բուժական հարցերից, իսկ ֆինանսական հարցերի համար կան համապատասխան մարդիկ, ովքեր չգիտեմ թե ինչով են զբաղված, ստանում են բժշկից մի քանի անգամ բարձր աշխատավարձ, չեն ենթարկվում հարձակումների, չեն քարկոծվում, գիշերներն էլ հանգիստ քնում են իրենց տաք անկողնում։

3. Բյուրոկրատիան, թղթաբանական հոսքը խլում է հսկայական ժամանակ բուժաշխատողից, և իր բուն աշխատանքով զբաղվելու փոխարեն բժիշկը ժամերով ընկնում է ինչ-որ հիվանդության պատմագրերի հետևից։ Այո, բժշկական մասի լրացումը կարող է և պետք է իրականացնի միայն բժիշկը, սակայն ինչ կապ ունի նա կրկին ֆինանսական, անձնագրային, դեղորայքի և հետազոտությունների քանակի հաշվարկի, վճարումների կտրոնները ստուգելու, վիճակագրական հաշվարկներ անելու հետ։ Ընդ որում պահանջվում է միևնույն բանը գրել մի քանի տեղում։ Այդ հրահանգը տվողները պատկերացնու՞մ են արդյոք, թե ինչ հիմար հրահանգ են նրանք տվել։

4. Բուժաշխատողների աշխատավարձի թեմայի մասին պետք է առանձին խոսենք, քանի-որ այն ծավալուն է և գործող կառավարությունը փորձում է որոշակի քայլեր անել այդ ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցի լուծմանը` ներկայացնելով մեր պատկերացումները, ծրագրերը և մոտեցումները։

Հավատացեք, որ այսպիսի անհիմն պարտականությունների բեռի պարագայում բժշկի համար ժամանակ չի մնում գիտությամբ զբաղվելու, բժշկագիտությունն առաջ տանելու համար։ Հետո էլ բողոքում ենք, որ բժշկությունը տեղում է դոփում կամ հետ է քայլում։

Ցանկանում եմ անդրադառնալ նաև բժշկական էթիկայի խնդիրներին, որոնք խիստ արդիական են այսօր։

Ինքս որպես այցելու, գնահատելով բուժաշխատողներից շատերի վերաբերմունքը այցելուներին, հիվանդներին, փաստում եմ, որ մեր բուժաշխատողներից շատերն ունեն էթիկայի, միջանձնային հարաբերությունների, մասնագիտական հիերարխիայի և հասարակ մարդկային հարաբերությունների կազմակերպման խնդիր։ Միմյանց հետ բղավելով խոսելը, հիվանդի վրա բղավելը, ներս մտած հիվանդին չդիմավորելը կամ արհամարհելը, մեկը մյուսի հետևից բանսարկությամբ զբաղվելը … սրանք փաստեր են, որոնք պատճառ են հանդիսանում բուժաշխատողների նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքի ձևավորման։ Մենք պետք է գիտակցենք, որ ամեն ինչ կյանքում փոխադարձ է և փոփոխությունները պետք է լինեն երկկողմանի։

Իմ կարծիքով բժշկական էթիկայով պետք է լուրջ զբաղվել։ Այս ոլորտը պետք է քննական առարկա դարձնել Բժշկական Համալսարանում։ Այն չպետք է կրի ձևական բնույթ և պետք է խիստ վերահսկողություն սահմանվի բժշկական հաստատություններում այցելուի, հիվանդի, ցանկացած աշխատակցի և վերադասի միջև։ Առանձին-առանձին մարդկանց հետ խոսելով, բացատրելով այս հարցը լուծում չի ստանա։ Այստեղ նույնպես անհրաժեշտ է համակարգային լուծում, տույժի մեխանզմի ներդրում և կիրառում։

Մեր նպատակը մեր երկրում երջանիկ քաղաքացիներ ունենալն է, ովքեր կապրեն արժանապատիվ, կստանան արժանապատիվ կրթություն, կունենան արժանապատիվ աշխատանք, կստանան արժանապատիվ աշխատավարձ, ներքին և արտաքին հարաբերություններում կխոսեն արժանապատիվ դիրքերից, կունենան արժանապատիվ մանկություն և ծերություն։

Մենք, որպես ազգ, պարտավոր ենք պայքարել արժանապատիվ երկիր ունենալու համար։ Ոչինչ այս կյանքում անհնարին չէ, միայն ցանկություն և կամք է անհրաժեշտ։

Ես հրավիրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են մեր գաղափարները, մեր մոտեցումները և ծրագրերը, ովքեր ունեն հետաքրքիր և մեր երկիրն առաջ տանող ծրագրեր, միանալ Հայաստանը կառուցելու մեր գործին։ Մեր գործում հետընթաց չկա։

Հարգանքներով,

Ձեր Մարինա Խաչատրյան»:

| | |
5058 | 0