Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա մի կտոր Հայաստան է». այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

15:20, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Նա մի կտոր Հայաստան է». այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

«Ձեզ եմ ասում, ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք». Խաչատուր Աբովյանի կոչն է երիտասարդներին:

Այսօր գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է:

Աբովյանի ստեղծագործությամբ՝ «Վերք Հայաստանի» վեպով, սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլը՝ նոր թեմատիկայով, լեզվով և հերոսի ընտրությամբ:

«Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է»,- ասել է Համո Սահյանը:

Գրողը ծնվել է 1809 թ. հոկտեմբեր 15-ին Քանաքեռում:

1819–22 թթ-ին սովորել է Էջմիածնի վանական, 1824–26 թթ-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, 1830–35 թթ-ին ուսանել է Դորպատի համալսարանում:

Սովորել է մի շարք լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ուսումնասիրել բնական և հասարակական գիտություններ, երաժշտություն:

Գրել է չափածո և արձակ գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների:

Իր կենդանության օրոք տպագրվել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը:

«Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահորեն տանել, ներել»,-այսպես Աբովյանի մասին խոսել է Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը:

1837–43 թթ-ին, որպես տեսուչ, աշխատել է Թիֆլիսի, 1843–48 թթ-ին՝ Երևանի գավառական դպրոցներում:
     1848 թ-ի մարտին Աբովյանը նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, սակայն, դեռ պաշտոնական պարտականությունները չստանձնած՝ ապրիլի 2-ին (նոր տոմարով՝ 14-ին) վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
     Աբովյանի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Միքայել Նալբանդյանը, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ։ Հետագայում ստեղծվել է գրականագիտության աոանձին ճյուղ՝ աբովյանագիտություն։ Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն և այլ լեզուներով:

5624 | 1
Facebook