Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որո՞նք են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հիմնական արդյունքները

19:10, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Որո՞նք են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հիմնական արդյունքները

Հայաստանում կայացավ երկրի անկախացումից ի վեր ամենամասշտաբային միջազգային իրադարձությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Նման միջոցառման կազմակերպումն, անշուշտ, պահանջել է թե՛ դիվանագիտական, թե՛ կազմակերպչական հսկայական ջանքեր: Այժմ, երբ գագաթաժողովը բարեհաջող կերպով ավարտվել է, ցանկալի է հետադարձ հայացք գցել և գնահատել՝ ի՞նչ տվեց այն Հայաստանին, գրում է Armenpress-ը:

Արդյունքներն ամփոփելիս նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագթնաժողովի նախագահությունը (ՖՄԿ) մի երկրից մյուսին չի փոխանցվում ռոտացիոն կարգով, ինչպես ընդունված է մի շարք այլ կառույցներում (օրինակ՝ ՇՀԿ, ԵՄ, ԵԱՏՄ): Կառույցի նախագահության ստանձնումը հայկական կողմի նախաձեռնողականության և ակտիվ աշխատանքի արդյունք է, ինչը պետք է գնահատել ըստ արժանվույն:

Միջազգային կապերի ամրապնդում

Բավական բարձր մակարդակի կազմակերպված նման լայնամասշտաբ միջոցառման հյուրընկալումն, անշուշտ, դրական է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն, ընդ որում՝ նրանցից 38-ը ներկայացված էր երկրի ղեկավարի մակարդակով: Նման ներկայացուցչական մասնակցությունը մի կողմից վկայում է նախապատրաստական աշխատանքների բարձր արդյունավետության, մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության մասին: Ամիսներ առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում, գաղտնիք չէ, որ միջազգային հանրության շրջանում Հայաստանի նկատմամբ ձևավորվել է բավական դրական ընկալում, ինչն արտահայտվում էր նաև Երևանում տեղի ունեցած երկկողմ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Գագաթաժողովի շրջանակներում Հայաստան էր ժամանել ավելի քան 3500 հյուր, իսկ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի լուսաբանման, «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսին մասնակցելու համար՝ շուրջ 600 լրագրող: Նման մեծաքանակ հյուրերի և լրագրողների ներկայությունը բավական լավ հնարավորություն էր աշխարհի շուրջ 274 մլն ֆրանսախոսների շրջանում Հայաստանի և հայկականի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:

Գագաթաժողովը բավական լավ հնարավորություն էր նաև ՀՀ արտաքին կապերի զարգացման և ամրապնդման համար: 2003թ.-ին որպես դիտորդ, 2008թ.-ին որպես ասոցացված անդամ, իսկ արդեն 2012թ.-ից՝ որպես ՖՄԿ լիիրավ անդամ, Հայաստանը բավական ակտիվ օգտագործել է կառույցի ընձեռած հնարավորությունները՝ մի շարք երկրների հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ (Կոնգո, Նիգեր և այլն), իսկ որոշների հետ՝ էլ ավելի ամրապնդելով երկկողմ փոխգործակցությունը: Չնայած տարածական հեռավորությանը՝ աֆրիկյան, ասիական երկրների հետ նման կապերի առկայությունը Հայաստանի համար բավական կարևոր է՝ մի կողմից փոխգործակցության ներուժի բացահայտման և իրացման, մյուս կողմից՝ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության տեսանկյունից: Երևանյան գագաթաժողովը ևս այս առումով բավական լավ հարթակ ծառայեց ՖՄԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հանդիպումների կազմակերպման, երկկողմ հարաբերությունների քննարկման, օրակարգի հստակեցման և, ինչու ոչ, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

Գագաթաժողովը թերևս էլ ավելի կարևորվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցով: Հատկանշական է, որ Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ էր այցելում Հայաստան: Թեև այցը կրում էր աշխատանքային բնույթ, այն բավական հագեցած էր և առավել ամրապնդեց վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած հայ-ֆրանսիական երկխոսությունը:

Բավական ջերմ մթնոլորտում անցավ նաև Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը: Այցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին, ինչպես նաև ձեռք են բերել առանձին պայմանավորվածություններ, օրինակ՝ Հայաստանի և Կանադայի միջև օդային փոխադրումների երկկողմ հնարավոր համաձայնագրի, զբոսաշրջիկների ընտանքիների և գործարարների շփումները դյուրացնելու մեխանիզմների վերաբերյալ:

Երևանյան հռչակագիր

ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի ժամանակ ընդունվեց նաև Երևանյան հռչակագիրը, որի նախապատրաստական աշխատանքներում բավական մեծ ջանքեր են գործադրվել: Այս առումով կարևոր էր, թե ինչ ձևակերպումներ տեղ կգտնեն այդ փաստաթղթում Արցախյան հակամարտության վերաբերյալ: Նախկինում՝ 2010, 2012, 2014 և 2016 թվականներին տեղի ունեցած գագաթաժողովների ժամանակ ընդունված բանաձևերում եղել է անդրադարձ (հիմնականում միանման) Արցախյան հակամարտությանը, որտեղ ՖՄԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել «բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա», ինչպես նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Ինչ վերաբերում է Երևանյան հռչակագրին, ապա այն նույնպես ֆրանկոֆոն տարածքների հակամարտություններին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության առնչվող դրույթներ է պարունակում: Այս առումով կարելի է առանձնացնել 18-րդ և 19-րդ կետերը: 18-րդ կետում, մասնավորապես, ասվում է, որ երկրները պարտավորվում են. «Քննադատել միջազգային հումանիտար իրավունքի ցանկացած խախտում, ինչպես նաև հումանիտար հարցերի ինստրումենտալիզացիան և քաղաքականացումը, կոչ անել պաշտպանել հակամարտության գոտիների քաղաքացիական բնակչությանը և երաշխավորել նրանց հիմնարար իրավունքները և ազատություններն, ինչպես նաև ապահովել արագ և անխոչընդոտ հումանիտար մուտք»:

Հռչակագրի 19-րդ կետում նշված է. «ՄԱԿ նպատակներին և սկզբունքներին համաձայն՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածությանն առնչվող ճգնաժամերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում խթանելու երկխոսությունը, և միջնորդությունը՝ այդ ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում ենք հակամարտությունների կանխարգելման կարգավորման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»:

Եթե 19-րդ կետը աջակցություն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, 18-րդ հոդվածում անդրադարձ կա հակամարտության գոտիներում քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիայի, հիմնարար իրավունքների ոտնահարման, հումանիտար խնդիրների քաղաքականացմանը. ցավալի երևույթներ, որոնք ադրբեջանական կողմի քաղաքականության մաս են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5793 | 0
Facebook