Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդասիրության պատմության էջերից. Կանադա

01:05, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Մարդասիրության պատմության էջերից. Կանադա

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա այլ ժողովուրդների տեղահանության ու կոտորածների մասին լուրերը մարդասիրական մեծ արձագանք գտան նաև Կանադայում: Հայերի կոտորածների մասին լուրերը Կանադա էին հասնում Մերձավոր Արևելքում գտնվող կանադացի միսիոներների, ինչպես նաև մամուլի միջոցով: Կոտորածները վերապրածներին օգնություն տրամադրելու նպատակով Կանադայում սկիզբ առավ հայանպաստ շարժում, որի հիմքերը դրվել էին դեռևս 1880-ականներին: Մարդասիրական շարժման ակունքներում կանգնած էին կանադացի միսիոներները:

Հնավանդ մարդասիրություն. Կանադան անտարբեր չէ

Կանադայի բնակչությունը Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դրությանը և Հայկական հարցին առաջին անգամ ծանոթացավ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: Տեղեկատվության հիմնական աղբյուրը Օսմանյան կայսրությունում դեռևս 1860-ականներից գործունեություն ծավալած կանադացի միսիոներներն էին: 1879 թ. դեկտեմբերի 17-ին Տորոնտոյում լույս տեսնող The Globe թերթում լույս տեսավ Վանի վիլայեթում երկրաշարժից հետո սկսված սովի մասին: Այդ մասին թերթի խմբագրություն նամակ էին ուղարկել նույն թվականի հուլիս ամսին Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաք տեղափոխված միսիոներներ Ռոբերտ և Ուիլյամ Չեմբերսները: Քուինս աստվածաբանական քոլեջի ղեկավար Ջորջ Գրանտին գրված իր նամակում Ռոբերտ Չեմբերսը խնդրում էր տեղեկացնել կանադացիներին Վանի նահանգում քրիստոնյաների ծանր դրության մասին և ֆինանսական օգնություն ուղարկել: Ջ. Գրանտն այդ նամակը տպագրեց The Globe թերթի խմբագրական խոսքում՝ կոչ անելով նվիրատվություններ անել «Նոյի ժառանգերը համարվող և բիբլիական հողում բնակվող ժողովրդի համար»: Շուտով այդ կոչերին միացավ նաև հայտնի ժամանակի գրող Ագնես Մոլ Մաշաղը: Հանգանակությունները պետք է ուղարկվեին ԱՄՆ-ի Բոսթոն քաղաք` Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի գրասենյակ: Այդ կոչերի արդյունքում մեկ տարվա ընթացքում հանգանակվեց մի քանի հարյուր դոլար: Թեև մամուլի լուսաբանումները բավականին քիչ էին, սակայն նշանակալի դերակատարում ունեցան Կանադայի բնակչության շրջանում Օսմանյան կայսրության հայերի վիճակի մասին տեղեկատվության տարածման և հայանպաստ կարծիքի ձևավորման գործում:

Երկար տարիներ շարունակ ապրելով կայսրության հայկական համայնքներում՝ կանադացի միսիոներները բավականին լավ ծանոթ էին հայերի դեմ իրականացվող քաղաքականությանը և պարբերաբար կրկնվող կոտորածներին: Օսմանյան կայսրություն ուղարկված կանադացի միսիոներներ Չեմբերս եղբայրները և Ֆրեդերիկ Մակքալըմը առաջին միսիոներներից էին, որոնց զեկույցները 1894-1896 թթ. Համիդյան կոտորածների մասին տպագրվեցին կանադական թերթերում: Կանադական The Globe թերթը 1895թ. դեկտեմբերից մինչև 1896թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում տպագրեց հայերի ծանր դրությունը և համիդյան կոտորածները ներկայացնող ավելի քան 200 հոդված և խմբագրականներ: Հոդվածների քանակը կտրուկ աճեց, երբ հայտնի դարձավ, որ հալածանքների է ենթարկվել ու բանտարկվել նաև կանադացի միսիոներ Ջոն Քեմբել Մարտինը: Կանադայի բնակչության շրջանում տեղեկացվածության բարձրացման և համիդյան կոտորածները վերապրածների համար հանգանակությունները կազմակերպելու համար թերթերում և պարբերականներում հաճախ էին տպագրվում առանձին անհատների կոչեր, ծաղրանկարներ և նույնիսկ բանաստեղծություններ: Ագնես Մոլ Մեյքարը, ով դեռևս 1880 թ. մասնակցել էր հայերի համար կազմակերպված հանգանակություններին Week պարբերականում տպագրեց «Ե՞րբ սա կավարտվի» վերնագրով բանաստեղծություն, իսկ հայտնի քաղաքական ծաղրանկարիչ Ջ. Վ. Բենգաֆի՝ սուլթան Աբդուլ Համիդին և Եվրոպական պետությունների հետ նրա վարած քաղաքականությունը ներկայացնող որոշ ծաղրանկարներ տպագրվեցին The Globe թերթում: Այս քարոզարշավին իրենց մասնակցությունն ունեցան նաև որոշ կրոնական բնույթի պարբերականներ (Canada Presbyterian, Methodist Magazine): 1896 թ. կանադական առաջին հանրագիտարանի հեղինակ Ջոն Կազել Հոփքինզը տպագրեց իր «Իսլամի սուրը կամ Տառապյալ Հայաստան. թուրքական իշխանության և Արևելյան հարցի տարեգրություն» գիրքը, որի 25-րդ գլուխն ամբողջությամբ ներկայացնում էր այս հարցում Կանադայի դիրքորոշումը: 1890-ականներին Հայկական հարցի և համիդյան կոտորածների մասին կանադական թերթերում և հատկապես բողոքական քրիստոնեական մամուլում տպագրված հոդվածներն առաջ բերեցին Կանադայի հասարակության համակրանքն ու սրտացավությունը Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ, որն էլ մեծապես նպաստեց դրամահավաք աշխատանքների և հանգանակությունների կազմակերպմանը: 1895 թ. ամերիկյան և բրիտանական նպաստամատույց կազմակերպությունների ստեղծումից հետո, մի խումբ կանադացիների պահանջով և նախաձեռնությամբ 1896 թ. ստեղծվեց Կանադայի հայկական նպաստամատույց հիմնադամը, որի գործունեությանը մեծապես աջակցեցին կանադացի միսիոներներ, պրեսբիթերական եկեղեցու առաջնորդներ, Տորոնտոյի Թրինիթի աստվածաբանական վարժարանը և այլ աստվածաբանական վարժարաններ, կանադական մամուլը և մի շարք առաջադեմ գործիչներ: 1896 թ. հունվարի 29-ին The Globe թերթում տպագրվեց միսիոներ Ռոբերտ Չեմբերսի կոչը կանադացիներին, որով հորդորում էր անել հնարավոր ամեն բան հայերին օգնելու համար: Ռոբերտ Չեմբերսի կոչն արձագանք գտավ, և կարճ ժամանակ անց Քուինզ աստվածաբանական քոլեջի ղեկավար Ջ. Գրանտի ջանքերով կազմավորվեց համա-կանադական նպաստամատույց հիմնադրամ, որը ներկայացուցչական կոմիտեներ բացեց Տորոնտոյում, Մոնրեալում, ծովային գավառներում և հյուսիս-արևմտյան շրջաններում: Սկիզբ առավ աննախադեպ մարդասիրական շարժում, որը տարածվեց Կանադայի գրեթե բոլոր քաղաքներում: The Globe, պրեսբիթերական Monreal Wintess և Canada Presbyterian թերթերը քարոզչական լայն գործունեություն ծավալեցին հանգանակություններ կազմակերպելու նպատակով: Արդյունքում հավաքվեց շուրջ 16 000 կանադական դոլար, որն ուղարկվեց Բրիտանական նպաստամատույց հիմնադրամ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

4298 | 0
Facebook