Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փառատոնի բացմանը կհնչի Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված սիմֆոնիան

22:50, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
Փառատոնի բացմանը կհնչի Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված սիմֆոնիան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին: Փառատոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

«Փառատոնի շրջանակում երեք համերգ կանցկացվի Երևանում, մեկն էլ Իջևանում: Բացմանը ելույթ կունենա Կամերային նվագախումբը, որը Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ տարբեր առիթներով նվագել է իմ ստեղծագործությունները: Այս համերգին նվագախմբի կատարմամբ կհնչի չորս ստեղծագործություն»,- նշում է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 14-ի համերգին կներկայացվեն «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները: Կհնչի նաև Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը 9 տարեկանում:

Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:

Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:

3287 | 0
Facebook