Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին

17:30, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը (Sommet de la Francophonie) կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Երևանում։ Թեև վերջին ամիսներին գագաթնաժողովի և դրան առընթեր կազմակերպվող մշակութային միջոցառումների մասին բազմիցս խոսվել է, սակայն ՀՀ քաղաքացիների գերակշռող մասը բավականաչափ տեղեկացված չէ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ստորև ներկայացնում է համառոտ տեղեկատվություն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ և կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների կառավարության ղեկավարների հանդիպումն է։ Գագաթնաժողովը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գերագույն մարմինն է։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (Organisation Internationale de la Francophonie) հիմքերը դրվել են 1970 թվականին Նիգերիայում, երբ հիմնադրվեց Մշակութային եւ տեխնիկական համագործակցության գործակալությունը, որն այնուհետև 2005 թվականին վերանվանվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության։ Ի սկզբանե ՖՄԿ-ն ձևավորվել է որպես ֆրանսախոս երկրներերի ակումբ, այնուհետև ընդարձակվել և դարձել միջազգային կազմակերպություն, որի անդամ-պետություններում ֆրանսերենը կամ ֆրանսիական մշակույթն ունի հատուկ կարգավիճակ։

ՖՄԿ առաքելություն և անդամներ

ՖՄԿ 4 հիմնական առաքելություններն են․

1․ Ֆրանսերենի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացումը,

2․ Խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդումը,

3․ Կրթության՝ այդ թվում բարձրագույն, վերապատրաստման և հետազոտությունների խթանումը,

4․ Կայուն զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Այլ կերպ ասած՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը բացառապես մշակութային կազմակերպություն չէ, այլ իրականացնում է մի շարք ծրագրեր անդամ երկրներում ժողովրդավարության և կրթության զարգացման, խաղաղության հաստատման, տնտեսական աճի խթանման և մի շարք այլ ոլորտներում։ ՖՄԿ-ն նաև փորձում է ամրապնդել վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը իր անդամ երկրների միջև։

Կազմակերպությունն ունի 54 անդամ, 4 ասոցացված անդամ և 28 դիտորդ երկրներ։ Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային դաշնային կազմակերպության երրորդ և ներկայիս գլխավոր քարտուղարը կանադուհի Միքայել Ժանն է։

ՖՄԿ-ն և Հայաստանը

Երևան քաղաքն առաջինն է ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ հաստատել Ֆրանկոֆոնիայի հետ` 1998թ. դառնալով Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ: Հայաստանը ՖՄԿ դիտորդի կարգավիճակ է ստացել 2003 թվականին, իսկ 2008 թվականին դարձել է կազմակերպության ասոցացված անդամ, այնուհետև՝ վեց տարի առաջ՝ 2012 թվականին, ՀՀ-ն դարձավ կազմակերպության լիիրավ անդամ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-պետությունը:

ՖՄԿ-ն ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Կազմակերպությունն այն առաջին անգամ հայտնել է 2010 թվականին Շվեյցարիայում. «Հաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով: Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

ՖՄԿ-ն և Հայաստանը համագործակցում են մի շարք ոլորտներում՝ ֆրանսերենի ուսուցման և Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածման ու ամրապնդման ուղղությամբ։ Այսպես, օրինակ, ՖՄԿ-ն աջակցում է հայկական դպրոցների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման և ՀՀ պետական գործիչների համար ֆրանսերենի դասընթացների կազմակերպման գործում։

Գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Որևէ նախկին խորհրդային հանրապետություն երբևէ չի հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով։ Ավելին՝ հարավկովկասյան երեք հանրապետություններից միայն Հայաստանն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ։ Վրաստանն ունի դիտորդի կարգավիճակ։ Նախկին խորհրդային հանրապետություններից անդամի կարգավիճակ ունի Մոլդովան, իսկ դիտորդի կարգավիճակ ունեն Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ուկրաինան։

| | |
3865 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am