Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Զորաց քարերի «համազգային» վեճի մասին». Համլետ Պետրոսյան

10:10, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Զորաց քարերի «համազգային» վեճի մասին». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զորաց քարերի «համազգային» վեճի մասին:
     Առաջին և վերջին անգամ:

Երկար ժամանակ հետևում եմ Զորաց քարերի շուրջ ընթացող վեճին: Ցավում եմ, որ այն լի է անձնական վիրավորանքներով: Հասկանում եմ, որ հնագիտությունը դեռևս ի զորու չէ մինչև վերջ բացատրելու այս առեղծվածը: Գուցե այն պատճառով, որ հետազոտությունները դեռ նախնական փուլում են: Գուցե այն այդպես էլ առեղծված մնա, անկախ հետազոտության ծավալներից ու մակարդակից: Չգիտեմ: Եվ միանգամայն բնական է, որ այդ «բացը» լրացնելու են գալիս այլ գիտակարգերը, մերձգիտական և սիրողական մեկնաբանությունները: Այո, բնական է: Բայց լիովին մերժելի է, որ դրանք ուղեկցվում են հնագետների, և ի մասնավորի՝ ակադեմիական գիտնական Աշոտ Փիլիպոսյանի հանդեպ լտի հարձակումներով: Ոչ էլ կոչ եմ անում այդ մարդկանց զսպել իրենց: Բայց և չեմ կարող դավաճանել իմ սկզբունքներին. դու կարող ես Զորաքարերի մասին մտածել և արտահայտել ինչ ուզում ես՝ իմաստուն մտքերից մինչև վերջին ցնդաբանությունը, բայց դու իրավունք չունես պիտակավորել, ծաղրել, վիրավորել գիտնականի արժանապատվությունը՝ նրա արտահայտած մտքերի համար: Ես միանշանակ հեռացնելու եմ իմ ընկերների շարքերից բոլոր նրանց, ովքեր նման պահվածք դրսևորեն, դադարեցնելու եմ նրանց հետ իմ բոլոր հարաբերությունները: Ցավոք, սա այն նվազագույնն է, որ ես կարող եմ անել որպես քաղաքացի:
     Ստորև դնում եմ և իմ՝ միջնադարյան կոթողային մշակույթով զբաղվող մասնագետի կարծիքը այդ հուշարձանի վերաբերյալ, որ գրել եմ 1998թ.` Արեգ հրատարակչության պատվերով: Այն լույս է տեսել 1999թ. ի վեր մի քանի լեզուներով հրատարակված «Հայաստանի հրաշալիքները» գրքում:

Այսօր դժվար թե որևէ մասնագետ կարողանա վերջնականապես պարզել, թե երբ և ինչ նպատակով են կանգնեցվել մի քանի հարյուրի հասնող, մինչև երեք մետր բարձրություն և մինչև ինը տոննա քաշ ունեցող բազալտե ուղղաձիգ այս կոթողները: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մերձակայքում, ծովի մակերևույթից մոտ 1800մ բարձրության վրա գտնվող, արևմտյան կողմից քարափով եզերվող հրվանդանի վրա տեղադրված, ավելի քան 300մ ձգվող և մոտ յոթ հա տարածություն զբաղեցնող այս հուշարձանը հեռվից դիտողին առասպելական հսկաների կանոնավոր շարքեր է հիշեցնում: Ահա հավաքվել են զորագնդերը, և որ որ է, պիտի սկսվեր ահեղ մարտը, բայց ինչ-որ գերբնական ուժ կախարդել-անշարժացրել է նրանց: Մոտավորապես այսպես է բացատրում ավանդությունը հուշարձանի Զորաքարեր անունը:Հուշարձանի կենտրոնը կազմում է խոշոր սալաքարերով շարված ընդարձակ քառանկյուն դամբարանը (այն ունի 7մ երկարություն և 5մ լայնություն), որը ներառված է ոչ մեծ քարերից կազմված շրջանի մեջ: Սա էլ իր հերթին ներառված է արդեն ուղղաձիգ կոթողներից կազմված, 45մ երկարություն ունեցող ձվաձև, սուր ծայրով դեպի արևմուտք ուղղված շրջանի մեջ: Այս շրջանը հատվում է կոթողների հյուսիսից հարավ ավելի քան 250մ ձգվող մի շարքով, որը ծայրերում փոքր-ինչ թեքվում է դեպի արևմուտք, դեպի հրվանդանը եզերող քարափը: Թե՜ ձվածիր շրջանից և թե՜ այս հիմնական շարքից ելնում են կոթողների այլ շարքեր ևս: Սակայն դրանցից շատ քիչ կոթողներ են մնացել և նախնական տեսքի մասին միայն ենթադրություններ կարելի է անել: Կարելի էր ենթադրել, թե մեր առջև հին ՙարքայական՚ մի թաղում է: Սակայն քարե օղով շրջափակված դամբարանները, որ խիստ տարածված էին Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների մշակույթում, ոչ մի տեղ չունեն ուղղաձիգ կոթողներով շրջափակում և ոչ էլ ուղեկցվում են կոթողների շարքերով: Բացառված չէ նաև, որ այս կոթողներն ու դամբարանը կառուցվել են տարբեր ժամանակներում և իրար կողքի հայտնվել են պատահաբար: Հյուսիսից հարավ ձգվող և ծայրերով դեպի հրվանդանը թեքվող շարքը հիմք է տվել ենթադրել, թե գուցե մենք գործ ունենք յուրօրինակ մի պաշտպանական կառույցի հետ: Բայց ուղղաձիգ կոթողներով ամրություն կառուցելը ոչ միայն անսովոր, այլև պաշպանական առումով անհեռանկար ձև է, էլ չենք ասում, որ այստեղ չկա որևէ բնակավայրի կամ ամրոցի հետքեր:Եթե նայենք կոթողների տեղաբաշխման հատակագիծը, ապա այն մեզ կարող է հիշեցնել խոյի կամ ցուլի գլուխ՝ եղջյուրներով հանդերձ: Այս երկու կենդանիների պատկերները, որոնք նաև համանուն երկու ամենահայտնի համաստեղություններն էին խորհդանշում, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների մշակույթի ամենասիրված մոտիվներից են: ԵՎ գուցե այս հուշարձանը նրանց նվիրված մի հնագույն պաշտամունքային համալիր է: Բայց թե որ դիրքից ու ինչ հեռավորությունից այն պիտի հին բնիկներին հիշեցներ իր խորհրդանշած իմաստը, այնքան էլ պարզ չէ: Կոթողները արտաքնապես նման են բնական քարաբեկորների: Կարելի էր եզրակացնել, որ հին քարագործի աշխատանքը սահմանափակվել է մայր ժայռից սյունանման բեկորներ առանձնացնելով, եթե չլինեին նրանց մի մասի վրայի միջանցիկ անցքերը, որոնց նշանակությունը այդպես էլ մնում է չպարզված: Սովորաբար մի քարի վրա բացված է մեկ անցք, միայն եզակի դեպքերում՝ երկու: Անցքերը որպես կանոն գտնվում են կոթողի վերնամասում ու եզրին մոտ: Այդ անցքերը նման են սուր ծայրերով իրար հանդիպող զույգ կոների, ինչը վկայում է, որ անցքի կեսը փորվել է քարի մի կողմից, իսկ մյուս կեսը՝ հակառակ կողմից: Ընդ որում, դատելով նրանց խիստ կանոնավոր ու հարթ ներքին մակերեսներից, կարելի հավաստել, որ դրանք բացվել են կարծրաբյուրեղ ավազը հատուկ ձողի օգնությամբ քարի վրա տրորելով: Հնավանդ այս ձևով անցքերի բացումը խիստ աշխատատար էր, բայց և ապահով, այն եզակի դեպքերում միայն կարող էր հանգեցնել քարի ջարդվելուն: Մի քանի կոթողի վրա այսօր էլ տեսանելի են նման խոտանված անցքեր: Այս անցքերը Զորաքարերի ամենամեծ առեղծվածներից մեկն են: Ովքեր հակված են Զորաքարերը համարել հնագույն աստղադիտարան, այս անցքերը համարում են երկնային մարմիններին հետևելու համար նախատեսված 'աստղադիտակներ': Բայց թե քանի մոլորակի, համաստեղության կամ աստղի պիտի հետևեին ութսունից ավելի ՙաստղադիտակներով՚, որոնց մի զգալի մասն էլ դեպի երկինք չի ուղղված, նույնպես դժվար է պատկերացնել: Հնագետները հակված են այս անցքերը համարել տեխնիկական միջոց՝ պարանի օգնությամբ կոթողները տեղափոխելու կամ ուղղաձիգ կանգնեցնելու համար: Նման ենթադրության օգտին է խոսում և այն փաստը, որ Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի հարևանությամբ գտնվող մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերին-առաջին հազարամյակի սկզբներին վերաբերող ամրոցի պատերում, որոնք չափերով ու տեսքով հար և նման են այս կոթողներին, նույնպես կրում են անցքեր, սակայն ոչ թե ուղղաձիգ կանգնեցված են, այլ շարված են հորիզոնական դիրքով: Դեռևս անցյալ դարի վերջերին հայտնվել է տեսակետ, թե Զորաքարերի անցքերն արվել են հետագայում, անասուններին կապելու նպատակով, երբ հուշարձանն օգտագործվել է որպես քոչվորների մակաղատեղի:Այսպիսով, Զորաքարերը գիտնականների կարծիքով թերևս հնագույն աստղադիտարան է, պաշտպանական կառույց է, հնագույն գերեզմանոց է, պաշտամունքային համալիր է, քոչվորների սեզոնային նստավայր է կամ էլ այս բոլորը կամ մի մասը միասին վերցրած:Նույնքան վիճահարույց է այս կոթողների կանգնեցման ժամանակը: Ըստ երևույթին լրիվ անհիմն պիտի համարել այն մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով թվագրելու փորձերը: Տեղանքի հնագիտական հետազոտությունը, որը կատարվել է վերջերս, ցուցում է այս կոնկրետ տեղանքում նյութական մշակույթի առկայությունը մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսած, բայց հատկապես նշելի է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի բազմաթիվ դամբարանների առկայությունը: Այս և մի շարք այլ հանգամանքներ ավելի հավանական են դարձնում հուշարձանը մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրելու տեսակետը»:

| | |
1907 | 0