«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը»:
Արայկ Խանդոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում 1971-ի ապրիլի 19-ին:
Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք է հայթայթել հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվել է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցրել և այլևս չի վերադարձել։ Այստեղից մեկնել է Արցախ և միացել հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակել է ՀՀ ԶՈՒ-ում։
Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Ծնողներն են Հենդո և Ռիմա Խանդոյաները։ Ունեցել է 4 եղբայր (Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա։
Նա 47 տարեկան էր: Մահվան պատճառն, ըստ նախնական տեղեկությունների, դարձել է սրտի կաթվածը: