Այսօր Աթաբեկ Խնկոյանի` Խնկո Ապոր հիշատակի օրն է
«Բկլիկ ձկնիկ», «Մկների ժողով», «Լուսին» և այլ հայտնի ստեղծագործություններ: Այսօր մանուկների շատ սիրելի առակագրի հիշատակի օրն է: «Լուսին, լուսին, լուսերես Ինչքա˜ն սիրուն, կլոր ես»: ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, մանկագիր, առակագիր Խնկո Ապերը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա` Գյումրիի քաղաքային դպրոցում: Խնկո Ապեր անվանումը գրողին գրչակից ընկերներն են տվել. այնքան են սիրել, որ սկսել են ավելի մտերմիկ դիմել: Խնկո Ապերը աշխատել է ուսուցիչ, այնուհետև տեղափոխվել Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանիսոնում, աշխատակցել «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1920-ական թվականների սկզբին վերադարձել է Հայաստան, զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ: Գրել է բանաստեծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: «Ձկնի´կ, լո´ղ տուր, լո´ղ արա, Դրսի որսը թո´ղ արա, Իջի´ր ջրի հատակը, Մինչև անցնի վտանգը»: Առավել հայտնի են նրա «Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Լուսինը», «Փիսիկ» և այլ ստեղծագործություններ: Մանկագիրը նաև թարգմանել կամ փոխադրել է ռուս առակագիրների և բանաստեղծների` Իվան Կռիլովի, Սամուիլ Մարշակի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Պուշկինի գործերից: Կազմել է հայկական դպրոցների համար մայրենի լեզվի դասագրքեր` «Մեր դպրոցը», «Կարմիր արև»: Նրա անունով են կոչվել Մանկական հանրապետական գրադարանը Երևանում և դպրոց` Գյումրիում: Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդուռ, Էլ չթողեց տուն, կտուր: Հատված մանկագրի` «Մկների ժողով» մանկական ստեղծագործությունից: |