Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք շարունակում ենք չունենալ կենդանիների համար օրենքներ և մարդկային ապահով միջավայր». Կարինե Փանոսյան

14:10, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
«Մենք շարունակում ենք չունենալ կենդանիների համար օրենքներ և մարդկային ապահով միջավայր». Կարինե Փանոսյան

Այսօր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է: Օր, որը սահմանվել է պաշտպանելու բնության մյուս էակներին:

«Ցավոք սրտի վերջին տարիներին մեր պայքարի արդյունքում որևէ բան չի փոխվել պետական մարմինների վերաբերմունքի ու գործունեության տեսանկյունից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է բնապահպան Կարինե Փանոսյանը և ավելացնում, որ դեռևս չկան օրենքներ կենդանիներին դաժան վերաբերմունքից պաշտպանելու համար:

Բնապահպանի փոխանցմամբ՝ արվում են որոշակի ծրագրեր՝ կամավորական ուժի միջոցով մարդկանց վերաբերմունքը փոխելու համար, սակայն սա դեռ բավարար չէ:

«Մենք պետք է ունենանք պետական աջակցություն՝ կրթական ծրագրեր, սոցիալական նախաձեռնություններ, տեսանյութեր ու պոստերներ, հանրային միջոցառումներ: Տարբեր միջոցներով պետք է հասարակությանը պատրաստել: Դա մասշտաբային գործընթաց է»,- կարծիք հայտնեց բնապահպանը՝ նշելով, որ իրենց պայքարի արդյունքում կարողացել են փոխել հասարակության մտածելակերպն ու վերաբերմունքը:

Ըստ Կարինե Փանոսյանի՝ այսօր մարդիկ անտարբեր չեն խնդիրների նկատմամբ, յուրաքանչյուր երկրորդ, երրորդ քաղաքացի արձագանքում է, երբ տեսնում է կենդանու նկատմաբ դաժան վերաբերմունք: «Իհարկե, առավելապես ակտիվ են քաղաքաբնակները, գյուղերում, այն էլ՝ ծայրամասերում, մի փոքր տխուր է վիճակը, չեմ խոսում շուն կռվացնելու հին ու զզվելի սովորության մասին, որն իրականացվում է հատուկ վայրերում՝ հասարակության աչքից հեռու»:

Մեր զուցակցի խոսքով՝ Հայաստանում արդեն մի քանի տարի է ակտիվորեն իրականացվում է կենդանիների որդեգրումը: «Շատ լավ է, որ մարդիկ նախընտրում են անտուն շնիկին՝ բուծման ադյունքում վաճառվածից։ Շատ եմ ուրախանում, որ զարգացել է մեր հասարակությունը, և բարձրացել է մեր էկոգիտակցությունը»:

Հավելենք, որ Կենդանիների համաշխարհային օրն ընդունվել է 1931 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում:

3047 | 1
Facebook