Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ ենք կառուցողական բանակցությունների». Ալիևի վարչակազմը կրկին խոսել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

12:40, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
«Պատրաստ ենք կառուցողական բանակցությունների». Ալիևի վարչակազմը կրկին խոսել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ալիևի վարչակազմը կրկին անդրադարձել է Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած զրույցին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կառուցողական բանակցությունների:

«ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցը կայացավ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ: Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, և այն տարվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ որպես հակամարտող կողմեր»,- ասել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը:

Նա հավելել է, որ նույն ձևաչափի շրջանակներում սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ և հուլիսին՝ Բրյուսելում, կայացել են հանդիպումներ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:

«Մենք դա դրական ենք համարում, և Ադրբեջանը մշտապես պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»,- ասել է Հաջիևը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյան-Ալիև զրույցի մասին Ալիևի վարչակազմը հայտարարություն էր տարածել:

9461 | 0
Facebook