ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հանդիպումները կայացել են սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահներն ու ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը: Համանախագահները խորին ափսոսանք են հայտնել շարունակվող մարդկային կորուստների կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման սպառնալիքների մասին և կոչ արել անցնել դրական մթնոլորտի կառուցողական ձևավորմանն ու հրաժարվել իրավիճակը սրող հռետորաբանությունից:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև ընդգծել են, որ ԼՂ հակամարտության համպարփակ կարգավորումը բոլոր կողմերից փոխզիջումներ կպահանջի:
ԵԱՀԿ-ի կայքում ասվում է նաև, որ միջնորդները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: