Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչո՞ւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չպետք է հանվի դպրոցական ծրագրից. պարզաբանում է Տեր-Պարթևը

17:15, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չպետք է հանվի դպրոցական ծրագրից. պարզաբանում է Տեր-Պարթևը

Տևական ժամանակ է խոսվում է դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին: Կարծիքներ կան, որ այդ առարկայի դասավանդումը քարոզչություն է իրենից ենթադրում: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նույնպես շաբաթներ առաջ անդրադարձել է այս հարցին՝ հիմնավորելով, թե ինչու պետք է վերոնշյալ առարկան հանվի դպրոցներից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը այս թեմայի հետ կապված ներկայացրել է իր դիտարկումները՝ կարծիք հայտնելով, որ «հայ ժողովրդի պատմությունը թերի է և ոչ ամբողջական առանց հայ եկեղեցու պատմության»:

«Այն, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոց պետք է արժանանար կրոնական կազմակերպությունների և որոշ իրավապաշտպանների դժգոհությանը, հայտնի էր դեռևս 2004 թվականին, երբ առարկան ընդգրկվեց դասավանդվող առարկաների ցանկում:

Մինչ օրս կան կրոնական խմբեր և իրավապաշտպաններ, որոնք այդպես էլ չեն հաշտվում այս փաստի հետ և շարունակում են դժգոհել, թեև առարկայի ներմուծման դրական արձագանքները` մասնավորապես ծնողների շրջանակում, առավել գերակշռող են:

Որոշ կրոնական կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հիմնական առարկությունն այն է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի անվան տակ դպրոցներում կատարվում է քարոզչություն: Մինչդեռ նման պնդումներ անելուց առաջ, լավ կլինի նախ ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, որն անքակտելիորեն կապված է Հայ եկեղեցու պատմությանը:

Եթե նման կարծիք արտահայտողները գեթ մեկ անգամ կարդան Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի նշանավոր «Ազգապատում» աշխատությունը, որում հայ ժողովրդի և եկեղեցու պատմությունը շարադրված է իբրև մեկ ամբողջություն, ապա այլևս նման «մեղադրանքներ» չեն ներկայացնի Հայ եկեղեցուն:

Վերջապես նրանց համար ընկալելի կլինի, որ անկարելի է բաժանել Մեսրոպը` Մաշտոցից, Գրիգորը` Նարեկացուց և Սողոմոնը` Կոմիտասից: Մեր պատմության գանձարանը հարուստ է եկեղեցականներով, որոնք կերտել են ոսկետառ էջերը հայ ժողովրդի պատմության: Հետևաբար հայ ժողովրդի պատմությունը թերի է և ոչ ամբողջական առանց Հայ եկեղեցու պատմության: Իսկ երիտասարդ սերնդին անհրաժեշտ է սովորեցնել իր ամբողջական պատմությունը՝ եզրահանգումները թողնելով վերջինիս:

Հ.Գ. Ժամանակին Իտալիայում դպրոցներից ցանկանում էին հեռացնել կրոնական սիմվոլները` մասնավորապես Քրիստոսի խաչի պատկերը: Եղան հասարակական քննարկումներ, որոնց արդյունքում հանգեցին հետևյալ եզրահանգմանը. այն մեր քրիստոնեական պատմության և ինքնության անքակտելի բաղադրիչն է, որից չենք կարող հրաժարվել»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Պարթև Բարսեղյանը:

11319 | 30
Facebook