ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղն առավոտյան կմեկնի Բաքու, ապա՝ Դուշանբե: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը:
«Պուտինը վաղ առավոտյան կմեկնի Բաքու, որտեղ կկայանա Ռուսաստանի և Ադրբեջանի տարածաշրջանների համաժողովը»,- ասել է Պեսկովը:
Դրանից առաջ Պուտինը ներկա կլինի Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող՝ ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակներում որոշ մրցումների:
Դրանից հետո, Պեկսովի խոսքով, Պուտինը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարի խորհրդի նիստին:
Նշենք, որ Պուտինի այցն Ադրբեջան նախատեսված էր սեպտեմբերի 25-ին: