Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հարվածե՞լ է մարզիչը մարզուհուն, թե ոչ. փորձագետների կարծիքը

22:40, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
Հարվածե՞լ է մարզիչը մարզուհուն, թե ոչ. փորձագետների կարծիքը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ Նախ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց կողմերի և ներկաների հետ՝ պարզելու հանգամանքները։ 17-ամյա Անժելիկան մեղադրեց մարզչին, Ռաֆայել Մեհրաբյանը հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, հավաքականի երկրորդ մարզիչ, Անժելիկա Ստեփանյանի նախկին անձնական մարզիչ Համլետ Սարգսյանը՝ նույնպես, Սոֆիա մեկնած Անահիտ Արոյանը և Լիանա Մանուկյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամներ Անի Հովսեփյանը և Քրիստինե Սարգսյանը նույնպես հերքեցին մեղադրանքները։ MAMUL.am-ի թղթակիցը, իրականությունը պարզելու համար, զրուցեց բռնցքամարտի ոլորտի անվանի մարզիչների և մրցավարների հետ՝ իրենց փորձագիտական կարծիքները լսելու համար։

Վարդան Բաղդասարյան` միջազգային կարգի մրցավար
Վարդան Բաղդասարյան` միջազգային կարգի մրցավար
Վարդան Բաղդասարյան. «Այդ առաջնությանը ես մրցավար եմ եղել։ Անժելիկայի մենամարտի ընթացքում մյուս ռինգում մրցավար էի և ականատես չեմ եղել այդ պահին։ Բայց եթե հարված լիներ, աղմուկ կբարձրանար, և ես չէի կարող չիմանալ այդ մասին։ Բացի այդ երեկոյան թիմի հետ եմ եղել և նման խոսակցություններ չեն եղել։ Պարոն Մեհրաբյանը իր երեխաների պես պահել-փայփայել է այդ աղջիկներին՝ «տաք հագեք չմրսեք, ի՞նչ կերաք, սովա՞ծ չեք»։ Մենք կարծում էինք, որ Անժելիկան կհաղթի, որովհետև մրցակիցն հայտնի մարզուհի չէր, մեդալի տրամադրվածություն և հույս ունեինք։ Ցավալի էր, իհարկե, որ պարտվեց։ Բնական է, մարզչի համար էլ ավելի ցավալի է, որ մեդալը նվեր տվեցին մրցակցին։ Գուցե ջղայնացել է և կոպիտ է հանել սաղավարտը, բայց չէ՞ որ նա ծնողի պես է վերաբերվում մարզիկին։ Մի կարևոր բան էլ ասեմ, ինչի համար վիրավորված եմ ուղղակի։ Անժելիկան նշել է, որ հարված է եղել, նման բան չի եղել։ Ես նրան երբևէ ալկոհոլի ազդեցության տակ չեմ տեսել։ Կամ որ խմիչք է տարել իր հետ։ Նշեմ, որ մենք պայուսակներում դրել ենք ֆեդերացիայի պատվիրած սպորտային համազգեստը։ Այդ տուփերը խմիչք չէին, այլ համազգեստ։ Ես և պարոն Մեհրաբյանն ենք աղջիկների հետ բերել դրանք։ Դա համազգեստ էր, ոչ թե խմիչք»։

Համլետ Սարգսյան՝ մարզիչ
Համլետ Սարգսյան՝ մարզիչ
Համլետ Սարգսյան. «Մեհրաբյանի մասին ինչպե՞ս կարող էր նման բան ասել։ Նա խիստ մարդ է, պարտաճանաչություն է սիրում, ջղայնանում է, որ ճիշտ չեն աշխատում ռինգում։ Բայց ի՞նչ ապտակել, պաշտպանիչ սաղավարտը պետք է հաներ գլխից, քաշել է սկոչը, որ հանի։ Ի՞նչ ապտակելու կամ հայհոյելու մասին է խոսքը»։

Վազգեն Բադալյան՝ մարզիչ
Վազգեն Բադալյան՝ մարզիչ
Վազգեն Բադալյան. «Ես այդ աղջկան գիտեմ, նա բարձր որակ էլ չունի, ես նույնիսկ նրան մրցում չէի տանի։ Եղե՞լ է հարված թե ոչ՝ չգիտեմ։ Դիտել եմ տեսանյութը, կտրուկ քաշում է պաշտպանիչ սաղավարտը։ Գիտեք, մարզիչը մանկավարժ է, նաև ծնողի պարտականություն է կատարում կարող է մի հատ էլ քաշել կամ կտրուկ լինել, այդ պահին մի քիչ չոր վերաբերվել։ Մարզումային գործընթաց է, բռնցքամարտիկն էլ մարզչի ձեռքերին է խփում, չարչարում է, մարզիչը ֆիզիկապես աշխատում է մարզիկի վրա, իր մասին մտածում։ Չոր է վարվել ընդամենը։ Այդ ամենը մարզչա-հոգեբանական գործընթաց է, որ մարզիկը զարթնի, սթափվի։ Երբեմն մարզիկի մոտ հոգեբանական վակուում է առաջանում և չորությունն անհրաժեշտ է։ Չի կարելի սրա վրա կանգ առնել։ Կրկնեմ, սա մարզչական գործընթաց է»։

Սամվել Սողոմոնյան՝ մարզիչ
Սամվել Սողոմոնյան՝ մարզիչ
Սամվել Սողոմոնյան․ «Այնտեղ հարված չկա։ Ընդամենը մարզիչը ջղայնացած քաշում է «լիպուչկան», որ բացվի սաղավարտը։ Գլուխն իրար է գալիս։ Հարվածի դեպքում գլուխը կողք կթեքվեր, առաջ չէր գա։ Առհասարակ, ոչ մի պարտված մարզիկի մարզիչ ռինգի անկյունում սիրով չի ընդունում իր սանին։ Ես կասեի՝ մարզուհին հրաժարվեց մենամարտել, ինքն իր ոտքով եկավ անկյուն։ Մարզիչը չէր կարող սիրով ընդունել նրան և ջղայնացած սաղավարտի «լիպուչկան» քաշել է։ Ինչ վերաբերում է հարբած լինելուն, ասեմ, որ պարոն Մեհրաբյանին երբեք հարբած չեմ տեսել։ Շատերը կվստահեցնեն, որ նա չի խմում։ Շատ հավասարակշռված մարզիչ է, բանիմաց, փորձառու։ Այն, ինչ այդ աղջիկը ներկայացնում է, սուտ է․ հարբեցողություն, հարված, հայհոյանք․․․ չկա նման բան։ Ինչպե՞ս կարող է 80 տարեկանին մոտ մարդը հայհոյի 16-17 տարեկան աղջկա, որքան էլ ջղայնացած լինի։ Նա տեսնում է, որ իր առջև երեխա է, աղջիկ։ Էլ ինչի՞ համար ենք մենք մանկավարժ։ Որ ներենք։ Ճիշտ է, կարող ենք բարկանալ, բայց բարկանալու հետ մեկտեղ ներենք, ոչ թե հայհոյենք կամ հարվածենք»։

Արշավիր Գրիգորյան՝ մարզիչ
Արշավիր Գրիգորյան՝ մարզիչ
Արշավիր Գրիգորյան. «Մեհրաբյանի նման լավ մարդիկ և լավ մարզիչներ քիչ կան, 15 տարի ավագ մարզիչ է եղել, 9 անգամ օլիմպիական խաղերի է մասնակցել, բազմաթիվ լավ մարզիկներ է տվել և եկել է հիմա մի աղջիկ, որ նման հայտարարություն է արել։ Ոչ մի բան չկա այդտեղ։ Ջղայնությունից պաշտպանիչ սաղավարտն արագ հանել է գլխից, մարզիչը հարցրել է ինչո՞ւ չես աշխատում, նա էլ ասել է պատրաստ չէի։ Եթե բռնցքամարտն է ընտրել, ի՞նչ է մտածում է պետք է իրեն շոյեն-փայփայե՞ն։ Տղամարդու պես պետք է ռինգում կռիվ տա, ոչ թե ասի պատրաստ չէի և այլն։ Ընդամենը սաղավարտն է հանում։ Ուրիշ բան չկա այդտեղ։ Ո՞վ է այդ աղջկան հրահրել, որ տարի-տարուց ավել է անցել, հիմա է բարձրաձայնում այս ամենի մասին։ Ամոթ է ուղղակի։ Այդքան բան։ Ամոթ է, որ մի մարդու հասցեին են նման բաներ ասում, ով բռնցքամարտը Հայաստանում զարգացրել, բազմաթիվ անգամ արտերկրում դրոշ է բարձրացրել և օրհներգ հնչեցրել։ Ի՞նչի մասին է խոսքը։ Աբսուրդ է դա։ Ես այդ աղջկան խորհուրդ կտամ, որ նման աբսուրդ լուրեր չտարածի։ Ամոթ է»։

Դավիթ Աբլաբության՝ մրցավար
Դավիթ Աբլաբության՝ մրցավար
Դավիթ Աբլաբության. «Տեսանյութը դիտելուց չի երևում որ հարված կա։ Թափահարելու պես բան է, որը կարող է լինել, օրինակ, սկոչ կամ «լիպուչկա» պոկելու հետևանք։ Ընդհանուր առմամբ որպես հարված դա չեմ դիտարկում, ուղղակի թափահարություն։ Ինչ վերաբերում է հարբած լինելուն, նշեմ, որ ես այդ մարդուն ալկոհոլի ազդեցության տակ երբեք չեմ տեսել․ թե՛ մարզումներին, թե՛ մրցումներին, թե՛ ժողովներին կամ այլ վայրերում։ Անկեղծ ասած՝ Մեհրաբյանին հայհոյելուց էլ չեմ տեսել։ Կողմնակալ թող չհնչի, բայց ես այդ մարդուն ո՛չ հայհոյելուց, ո՛չ խմելուց չեմ տեսել։ Ուղղակի ամոթ է այս ամենը․․․ Կամ ինչո՞ւ մեկ տարի հետո այս ամենը հիշվեց և բարձրաձայնվեց»։

Արման Հարությունյան. «Այդպիսի բան չի կարելի ասել նման մարդու հասցեին։ Նման մարզչին չի կարելի այդ կարգի պախարակել։ Կամ ո՞վքեր են այդ աղջիկներն առհասարակ։ Ընդհանրապես ասեմ, որ յուրաքանչյուր մարզիչ էլ կարող է ջղայնանալ, բայց դա ի նպաստ մարզիկի է։ Մարզիչն ամեն ինչ անում է, որ մարզիկին լավ լինի։ Իմ կարծիքով սխալ է մարզչին նման կերպ վարկաբեկելը։ Ինչ վերաբերում է հարբած լինելուն․ ես այդ մարդուն ո'չ խմելուց եմ տեսել, ո'չ էլ հարբած։ Սուտ է»:

Արտակ Մալումյան
Արտակ Մալումյան
Արտակ Մալումյան․ «Սաղավարտը կարող է կոշտ լինել, քանի որ մեծ մրցաշարերին այն տրամադրում է ընդունող կողմը։ Բացի այդ մի քանի օգտագործումից հետո «լիպուչկան» փչանում է, այդ պատճառով լեյկոպլաստիրով ենք ամրացնում, որ մենամարտի ընթացքում չբացվի։ Ֆիքսված վիճակում այն քանդելը բարդ է, պետք է ուժեղ քաշես, որ վրան կպցրած լեյկոպլաստիրով «լիպուչկան» պոկվի։ Դա չի կարող դիտարկվել որպես հարված։ Ինքս սպորտում ճանապարհ ունեմ անցած և լավ եմ հասկանում մարզիչ-ընտանիք-ծնող հասկացությունը։ Գաղափարապես ոչ մի կերպ չեմ կարող տեղավորել, որ մարզիկը կարող է բողոք ներկայացնել մարզչի դեմ, ով համարվում է երկրորդ ծնող։ Մենք՝ հայերս, գենետիկորեն դրված գաղափարներ ունենք, որոնք չենք կարող տրորել։ Մարզիչը կարող է կոպիտ վերաբերվել, բայց դա չի նշանակում, որ պետք է մարզչին վարկաբեկել։ Չէ՞ որ երբ մարզիկը փառքի է հասնում, դա մարզչի շնորհիվ է։ Նա մեր ծնողն է, որ մեզ հետ միասին ռինգում փորձությունների միջով է անցնում։ Ոչ մի կերպ մարզիկ-մարզիչ հարաբերությունները չպետք է դիտարկվեն եվրոպական չափանիշներով կամ հորդորներով, կամ ուրիշ կողմնակի հորդորներով, որոնք կարող են մարզչին վարկաբեկել։ Այդ մարզիչը սպորտային զավակներ ունի տված, ովքեր համաշխարհային արենաներում բարձր են պահել մեր երկրի մարզական պատիվը»։

Հմայակ Թադևոսյան՝ միջազգային կարգի մրցավար, մարզիչ
Հմայակ Թադևոսյան՝ միջազգային կարգի մրցավար, մարզիչ
Հմայակ Թադևոսյան. «Որպես վաստակավոր մարզիչ հին բռնցքամարտիկ, միջազգային կարգի մրցավար ասեմ՝ եթե անգամ հարվածել է, գտնում եմ, որ ճիշտ է արել։ Մենամարտի տեսագրությունը դիտելիս տեսա, որ մարզուհին այդքան էլ հաջող մարտ չի վարել։ Էներգիա ուներ, կարող էր հաղթել, բայց չուզենալու պատճառով պարտվեց։ Այդ պատճառով էլ մարզիչը ջղայնացավ և պաշտպանիչ սաղավարտը կոպիտ հանեց։ Մի՞թե մարզիչը պետք է ասեր․ «աղջիկ ջան, դու սիրուն աղջիկ ես»։ Բռնցքամարտիկ ես, ռինգ ես մտել, ուրեմն պետք է քեզ բռնցքամարտիկի պես պահես, ոչ թե ասես ընկեր Մեհրաբյանը ինձ լավ չի վերաբերվում։ Ուրեմն մի՛ զբաղվիր բռնցքամարտով, ռինգում հաղթում է ուժեղագույնը։ Առհասարակ, միտում եմ տեսնում որ ցանկանում են Մեհրաբյանի անունը ցեխոտել։ Գտնում եմ, որ պայքարող մարդը պետք է ճիշտ պայքարի։ Արգելված հնարքներով, արգելված տեղերը խփելով մենամարտը չեն հաղթում։ Եթե նման բան է եղել ու ժամանակին չես ասել, ուրեմն հիմա էլ մի ասա։ Ներկայիս ֆեդերացիայի նախագահը ճիշտ չի վարվում հիմա»։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։


     Հեղինակ՝ Կատարինե Այդինյան

12938 | 5
Facebook