Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին». Բակո Սահակյան

10:35, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայ ժողովուրդը միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ:
     Ուղերձում ասված է.
     «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
     Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:
     Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ՝ կերտելով իր ազատ ու անկախ պետականությունը, դիմակայել է բազում փորձությունների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների հաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ:
     Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է մեր ավանդը ներդնել Հայրենիքի և հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում:
     Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,
     Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ նոր հաղթանակների կերտման ճանապարհին»:

8887 | 1
Facebook