Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպե՞ս Իլ-20-ի խոցումը կանդրադառնա ռուս-իսրայելական հարաբերությունների վրա

11:30, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ինչպե՞ս Իլ-20-ի խոցումը կանդրադառնա ռուս-իսրայելական հարաբերությունների վրա

Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների պատճառով ռուսական Իլ-20-ի խոցումը, որի հետևանքով 15 ռուս զինվորական զոհվեց, չի կարող չանդրադառնալ ռուս-իսրայելական հարաբերությունների վրա, գրում է «Взгляд» պարբերականը:

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի համար մեղադրել էր Իսրայելին: «ՌԴ ՊՆ-ն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել»,- ասված էր ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ: Հայտարարությունից մի քանի ժամ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց ՊՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ այդ ողբերգությունը պետք չէ համեմատել Թուրքիայի կողմից ռուսական Սու-25-ի խոցման հետ:

«Այդ ժամանակ թուրքական կործանիչը դիտավորությամբ խոցեց մեր ինքնաթիռը: Իսկ այստեղ խոսքը պատահական, ողբերգական հանգամանքների շղթայի մասին է, քանի որ իսրայելական կողմը չի խոցել մեր ինքնաթիռը»,- ասել էր Պուտինը:

Հայտարարությանը հաջորդել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազանգը: Պուտինի հետ զրույցում նա հաստատել է ավելի վաղ Իսրայելի բանակի հայտարարությունը:

«Ասադի ռեժիմը, ում զինվորականները խոցել են ռուսական ինքնաթիռը, պատասխանատու է այդ միջադեպի համար: Իսրայելը միջադեպի համար պատասխանատու է համարում նաև Իրանին և «Հեզբոլլահ»-ին»,- ասել է Նեթանյահուն:

«Взгляд»-ը նշում է, որ Ռուսաստանում արդեն տարբեր միջոցներ են առաջարկում՝ Իսրայելին պատժելու համար՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների խզում:

«Հասկանալի է, որ Իսրայելի ղեկավարությունը ձեռնտու չէր Ռուսաստանի հետ հակամարտությունը, սակայն նրա զինվորականների սադրիչ գործողությունները հարվածի տակ դրեցին երկու երկրների միջև հարաբերությունները: Հետևանքներ, անշուշտ, կլինեն»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանը «Հեզբոլլահն» ահաբեկչական կազմակերպություն չի համարում, քանի որ այն մարտնչում է Սիրիայում Ասադի բանակի կողմից, ինչը բացարձակ օրինական է: Եվ այդ իսկ պատճառով, ռուսական լրատվամիջոցի կարծիքով, Իսրայելը նախ պետք է դադարեցնի հարձակումներն այլ երկրների վրա:

5590 | 0
Facebook