Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսօր մամուլն էլ գրեց այն մասին, որ Թրամպ - Փաշինյան հանդիպումը չի կայանալու: Իրականում, չարախնդալու որևէ առիթ կամ ցանկություն չկա: Պարզապես մի քանի մասնագիտական խորհուրդ վարչապետին և իր PR-ով զբաղվողներին: 1. Արտաքին հարաբերությունների ոլորտում սայլը ձիուց առաջ մի կապեք, սա նեքրին էյֆորիկ, հետհեղափոխական տեղեկատվական մանիպուլյացիների դաշտ չէ: Այստեղ իրոք պետք է յոթը չափել, իսկ կտրելուց առաջ էլ էլի մտածել: 2. Երբեք մի բացահայտեք այն լոբիստական աշխատանքը, որ արվում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված: Պետք չէր խրոխտ և պաթետիկ տիրաժավորել ԱՄՆ 40-ից ավելի կոնգրեսականների նամակ-խնդրանքը՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու հետ կապված: 3. Փաշինյանի բրյուսելյան այցի այցեքարտ դարձրեցիք վարչապետի պատահական լուսնկարը Թրամպի և իր կնոջ հետ՝ նպատական հետապնդելով ցույց տալու համաշխարհային առաջնորդների հետաքրքրությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Արտաքին քաղաքականության լրահոսում ֆոտո-վիզուալ հնարքները աշխատում են միայն այն դեպքում, երբ իրականության շարունակությունն են, այլ ոչ թե՝ վիրտուալ իրականություն: 4. Իհարկե, չեմ բացառում, որ հանդիպման մերժումը կապված է նաև աշխարհաքաղաքական խնդիրների հետ, իսկ անգամ այս դեպքում, առավել ևս, կեղծ սպասելիքներ մի ձևավորեք, երկար հաշվեք: Արդյունքում ստացվում է, որ ոչ հեղափոխական իմիջը, ոչ հայտնի լուսանկարը և ոչ էլ ԱՄՆ կոնգրեսականների նամակը իրենց նպատակին չծառայեցին: Իսկ երկրիցս դուրս Նիկոլ Փաշինյանը Հայաստան է ներկայացնում, այսինքն՝ նաև ինձ, և ես շատ կուզեի, որ նա գոնե այդ առաքելության մեջ երևար հնարավորինս պրոֆեսիոնալ»: |