Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում: Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիաները»: |