ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին:
««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց: Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում` տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք: Մասնավորապես, ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2%»,- ասել է Պուտինը:
Կրեմլի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը քննարկել են նաև Եվրասիական տարածքում համագործակցությունը, մասնավորապես, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:
Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Հանդիպման ավարտի մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պուտինի հետ զրույցն արդյունավետ է անցել և որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա: