Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Զարմանում եմ՝ ինչու է Անժելիկան նման բան ասել». Քրիստինե Սարգսյան

03:00, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ.
«Զարմանում եմ՝ ինչու է Անժելիկան նման բան ասել». Քրիստինե Սարգսյան

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։

MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց կողմերի և ներկաների հետ՝ պարզելու հանգամանքները։ 17-ամյա Անժելիկան մեղադրեց մարզչին, Ռաֆայել Մեհրաբյանը հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, հավաքականի երկրորդ մարզիչ, Անժելիկա Ստեփանյանի նախկին անձնական մարզիչ Համլետ Սարգսյանը՝ նույնպես, Սոֆիա մեկնած Անահիտ Արոյանը և Լիանա Մանուկյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը նույնպես հերքեցին մեղադրանքները։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նաև Հայաստանի հավաքականի անդամ Քրիստինե Սարգսյանի հետ։

«Այն, ինչ ասել է Անժելիկան, իրականությանը չի համապատասխանում։ Ես ընկեր Մեհրաբյանին երկար ժամանակ է ճանաչում եմ՝ 2012 թվականից։ Իր գլխավորությամբ շատ անգամներ ուսումնամարզական հավաքների եմ մասնակցել։ Նա շատ հավաքված, ուշադիր, լավ, շա՛տ լավ մարզիչ է և շա՛տ լավ մարդ։ Ճիշտ է, նա շատ խիստ մարզիչ է, բայց նրա խստությունը միայն սպորտի մեջ է։ Նա կարող է զայրացած բարձր խոսել, բայց հայհոյել կամ ապտակել՝ ոչ։ Ես վստահորեն կարող եմ այս ամենն ասել, քանի որ շատ եմ մարզվել իր մոտ։ Որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ նա ոչ միայն հավաքների ընթացքում էր մեզ մարզում, այլև հավաքներից դուրս գնում էինք իր մարզադահլիճ և մարզվում հավաքականի ծրագրով։ Առավոտյան մարզում էի անցկացնում անձնական մարզչիս՝ Համլետ Սարգսյանի մոտ, ապա գնում էի ընկեր Մեհրբայանի մոտ։ Նա մեծահոգի լինելով ու մեր մասին մտածելով՝ մարզում էր մեզ իր աշխատանքային ժամից դուրս։ Ես ուղղակի զարմանում եմ՝ ինչու է Անժելիկան նման բան ասել։ Այն ինչ նա նշել է, ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Ինչ հայհոյանքի կամ ապտակի մասին է խոսքը։ Կամ ինչ հարբած լինելու մասին է Անժելիկան նշել։ Ընկեր Մեհրաբյանը բացարձակ ալկոհոլ չի օգտագործում»,- նշեց նա։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։


     Հեղինակ՝ Կատարինե Այդինյան

7363 | 0
Facebook