Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ-ին անդամակցելու՝ Բաքվի մտադրությունն իրական է». փորձագետներ

13:30, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
«ՀԱՊԿ-ին անդամակցելու՝ Բաքվի մտադրությունն իրական է». փորձագետներ

Մոսկվայում օգոստոսի 16-17-ը կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունները՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակի և ՀԱՊԿ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին փաստաթղթերի համաձայնեցման համար:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Ադրբեջանը կստանա ՀԱՊԿ գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ, որից հետո կազմակերպության լիիրավ անդամ կդառնա: Այդ տեղեկությունը EADaily-ի հետ զրույցում մեկնաբանել են փորձագետները:

Ռազմական և քաղաքական վերլուծություն ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը Ադրբեջանը հնարավոր անդամակցությունը «կասկածելի բնույթի հեռանկար» է անվանել: «ՀԱՊԿ կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ասվում է, որ անդամ երկրները համատեղ ջանքեր են գործադրում փոխադարձ անվտանգության ապահովման համար: Հետևաբար, անդամ երկրները չեն կարող ռազմական գործողություններ, դիվանագիտական և տեղեկատվական պատերազմներ մղել միմյանց դեմ: ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ նույնն է ասվում: Եվ ի՞նչ: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Հունաստանն ու Թուրքիան թշնամիներ են, իսկ 1974թ.-ին պատերազմեցին միմյանց դեմ: Ռազմական տեսանկյունից՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունն անհնար է»,- կարծիք է հայտնել փորձագետը:

Մեկ այլ՝ ՄԳԻՄՕ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովն ասել է, որ ի տարբերություն Հայաստանի, որը Ռուսաստանի իրական ռազմաքաղաքական դաշնակիցն է, Ադրբեջանն անհասկանալի քաղաքականություն է վարում:

Սակայն, միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Բաքվի մտադրությունն իրական է:

Նրա խոսքով՝ Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանի իրավիճակին թավշյա հեղափոխությունից հետո:

«Մոսկվայում Հայաստանի թավշյա հեղափոխությունն անվստահություն չէր առաջացնի, եթե չլինեին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունները: Խաչատուրովի ձերբակալությունն աննախադեպ էր: Մոսկվայում այդ ձերբակալությունն ընդունեցին ոչ թե որպես Հայաստանի ներքին գործ, այլ որպես սադրանք՝ ուղղված ՀԱՊԿ-ին»,- հավելել է փորձագետը:

Բացի այդ, ըստ փորձագետների, ՀԱՊԿ-ին Բաքվի հնարավոր անդամակցությունը չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին:

7485 | 0
Facebook