Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արդարացա՞ն Մերկելի առաջին այցից Հայաստանի ակնկալիքները». Deutsche Welle

19:05, շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ.
«Արդարացա՞ն Մերկելի առաջին այցից Հայաստանի ակնկալիքները». Deutsche Welle

Արդարացա՞ն Մերկելի առաջին այցից Հայաստանի ակնկալիքները, շատերը Գերմանիայի կանցլերի այցը գնահատեցին որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր իշխանություններին, գրում է Deutsche Welle պարբերականը:

Մերկել-Փաշինյան հանդիպումը կայացավ երեկ, կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, ընդ որում, ոչ միայն երկկողմ, այլ նաև Եվրոմիության հետ հարաբերությունների ձևաչափով: Մերկելը հեռանկարային համագործակցության ոլորտների թվում նշել է տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունն ու գիտությունը:

«Կանցլերի այցը պետք է դիտարկել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում, սակայն պետք է հաշվի առնենք այն հետաքրքրությունը, որն առաջացավ Հայաստանի նկատմամբ «թավշյա հեղափոխությունից» հետո»,- DW-ի հետ զրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանն առաջատար է տարածաշրջանում Գերմանիայի հետ գիտական և մշակութային կապերի առումով: Մանասերյանը նշել է Հայաստանի և Գերմանիայի միջև կապերի զարգացման հարցում KFW բանկի, GIZ միջազգային համագործակցության հանրության, մի շարք հայտնի հիմնադրամների դերը, ինչպես նաև ընդգծել, որ երկրում աշխատում է ավելի քան 150 ձեռնարկություն գերմանական կապիտալով:

«Ներկայացնելով ԵՄ-ի շահերը, Գերմանիան ցանկանում է առավել սերտ հարաբերություններ հաստատել բոլոր հնարավոր ոլորտներում և Հարավային Կովկասի երկրներին դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Պատահական չէ, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան ու Ուկրաինան ակտիվ համագործակցում են Գերմանիայի հետ ԵՄ Արևելյան համագործակցության ձևաչափով»,- կարծիք է հայտնել հայ փորձագետը:

Հայաստանը ջերմ ընդունեց Անգելա Մերկելին: «Գերմանիան սատարում է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով և բացառապես խաղաղ ճանապարհով, ինչը և կանցլերը հաստատեց Երևան այցի ընթացքում»,- ասել է քաղաքագետ Հայկ Խալաթյանը:

Երևան Մերկելի այցը, ինչպես եզրափակում է DW-ն, դժվար է գնահատել, քանի որ Գերմանիան Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործնկերն է ԵՄ առաջնորդներից մեկը:

«Դատելով երկու երկրների առաջնորդների հայտարարություններից՝ նրանց հաջողվել է համաձայնության հասնել առանցքային հարցերով»,- հավելել է Հայկ Խալաթյանը:

12410 | 0
Facebook