Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրեթե 200 միլիոն եվրոյի համաձայնագրեր, բարեկամական հարաբերությունների հավաստիացում և քննադատություն՝ Ռուսաստանի հասցեին. Մերկելի՝ Վրաստան կատարած այցի մանրամասները

12:15, ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ.
Գրեթե 200 միլիոն եվրոյի համաձայնագրեր, բարեկամական հարաբերությունների հավաստիացում և քննադատություն՝ Ռուսաստանի հասցեին. Մերկելի՝ Վրաստան կատարած այցի մանրամասները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով երեկ տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում գտնվում էր Վրաստանում, իր վրացի գործընկերներին հավաստիացրել է, որ երկու երկրների հարաբերությունները բարեկամական են, քննադատել է Ռուսաստանին և առաջարկել առավել ակտիվ համագործակցել տնտեսության ոլորտում, գրում է «Sputnik-Georgia» գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ կանցլերն ավելի քան 190 միլիոն եվրոյի համաձայնագրեր է բերել:

«2 համաձայնագիր կստորագրվի: Դա վերաբերում է մոտ 193 միլիոն եվրոյի տրամադրմանը՝ գազապահեստավորման, ջրամատակարարման և ոռոգման համակարգի համար»,- ասել է Մերկելը երեկ Վրաստանի վարչապետ Մամուկա Բահթաձեի հետ բանակցությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Բաթհաձեն, իր հերթին, հայտարարել է, որ խոսքը վարկային համաձայնագրի մասին է, որը ձևակերպում են գերմանական KfW բանկն ու Վրաստանի նավթի և գազի կորպորացիան:

Կանցլերն առաջարկել է նաև ակտիվացնել տնտեսագետների և գործարարների միջև շփումները:

«Կարծում ենք՝ կարող ենք աշխատել շատ ոլորտներում... Հաճախ պետք է հանդիպեն տնտեսագետներն ու գործարարները, փոխանակվեն փորձով: Օրինակ, մենք կարող ենք օգնել Վրաստանին, որպեսզի իրականացնի Եվրոմիության երկրներ իր գյուղմթերքի արտահանումը»,- ասել է Մերկելը:
     Եվս մեկ ուղղություն Մերկելը նշել է տուրիզմը: Նա նաև ընդգծել է Վրաստանի եվրոինտեգրման հարցում Գերմանիայի դերը:
     Այս տարվա հուլիսին Գերմանիայի կառավարությունն օրինագիծ էր հաստատել, որով նախատեսվում է Վրաստանը մտցնել անվտանգ երկրների ցուցակում:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ քննդատելով Ռուսաստանի գործողությունները:

Բացի այդ, կանցլերը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տպավորված է 10 տարվա ընթացքում Վրաստանի ձեռք բերած հաջողություններով. վերջին անգամ նա Վրաստան էր այցելել 10 տարի առաջ:

«Ուրախ եմ, որ Վրաստանը տեսնում են տնտեսության և ժողովրդավարության բարելավման ճանապարհին»,- հավելել է Մերկելը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում այսօր կժամանի Հայաստան:

7073 | 0
Facebook