Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Մերկելի՝ տարածաշրջան եռօրյա այցի օրակարգը

10:40, հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ.
Հայտնի է Մերկելի՝ տարածաշրջան եռօրյա այցի օրակարգը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա այցով տարածաշրջանում է: Նա կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բանակցություններ կվարի 3 երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության, երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի և տնտեսության հարցերը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրը:

Բեռլինը, աղբյուրի խոսքով, մեծ նշանակություն է տալիս Անդրկովկասի և «Արևելյան համագործակցության» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հետ համագործակցությանը:

«Մենք ցանկանում ենք ընդլայնել հարաբերությունները: Մենք շահագրգիռ ենք տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության նորմերի աջակցության հարցում»,- ասել է աղբյուրը:

Այսօր Մերկելը կայցելի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Մամուկա Բահթաձեի հետ: Կայանալիք հանդիպումը Մերկելի համար երկրորդն է կանցլերի պաշտոնում. առաջին այցը կայացել էր 2008-ին: Գերմանիայի կառավարության աղբյուրը հիշեցրել է, որ Բեռլինն աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի մերձեցմանը: Այսօր Թբիլիսիում կկայանա նաև համաժողով, որին կմասնակցեն Գերմանիայի և Վրաստանի գործնական շրջանակները, ապա Մերկելը կհանդիպի ուսանողների հետ: Դրանից հետո Մերկելը կայցելի Հարավային Օսիայի հետ սահման: Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Գերմանիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև աջակցում է Անդրկովկասի հարցով Ժնևյան քննարկումների շրջանակներում քաղաքական որոշման կայացման հարցում:

Վաղը՝ օգոստոսի 24-ին, Մերկելը կժամանի Երևան, որտեղ նախատեսված են բանակցություններ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանիայի կառավարության աղբյուրի խոսքով՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո երկու պետությունների հարաբերություններում դրական օրակարգ է նկատվում:

«Այդ առումով այժմ լավ պահ է այցելել այդ երկիրը»,- նշել են Բեռլինում: Մերկելը նաև կհանդիպի կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ:

Հաջորդ օրը Մերկելը կմեկնի Բաքու: «Քաղաքական և տնտեսական առումով Ադրբեջանը համարում ենք տարածաշրջանում ծանրակշիռը»,- նշել է Գերմանիայի կառավարության աղբյուրը: Գերմանիայի կանցլերը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, երկկողմ օրակարգը, ինչպես նաև էներգետիկայի հարցերը: Բացի այդ, աղբյուրի հաղորդմամբ, Մերկելն Ադրբեջանում կքննարկի մի շարք բարդ հարցեր: Դրա պատճառ է դարձել վերջին սկանդալը՝ կապված Ադրբեջանի կողմից Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին անցանկալի անձանց ցուցակում» ներառելու հետ: 2014 և 2016թթ. Վայլերն այցելել էր Լեռնային Ղարաբաղ:

«Ադրբեջանի դիրքորոշումը ցավալի է, այն չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով երկխոսության առաջընթացին»,- այդ կապակցությամբ ասել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Նրա խոսքով՝ Մերկելն Ադրբեջանում անպայման կքննարկի մարդու իրավունքների հարցերը, մամուլի ազատությունն ու քաղաքացիական հանրության խնդիրները:

9627 | 0
Facebook