Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ...». այսօր Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է

14:10, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
«Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ...». այսօր Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է

«Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից… Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք… ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպի է մնում: Բայց սպիով է սիրտը սիրտ, այդ սպիով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը»,- գրել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր ու հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը:

Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932թ. օգոստոսի 9-ին Աշտարակում:

« …Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը»,- «Դեղատուն Անի» վիպակում գրել է արձակագիրը:
     Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947թ.-ին «Պիոներ Կանչ»-ում: Ռուսերեն լույս են տեսել նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի»» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր:
     Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով: 1975թ.-ին բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը:
     Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում 1985թ.-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: Մահացել է 1993թ. Երևանում:

5642 | 1
Facebook