Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի՝ ազատ մամուլի դեմ հնչեցված հրապարակման համար ՄԱՄՈՒԼ.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
Օրերս MAMUL.am-ը հանդես եկավ մի քանի հրապարակումներով, որտեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների և հատկապես գազալցակայանների նախկին և ներկա աշխատակիցները պատմում են, որ իրենց պարտադրել են ավտոմեքենաներ գնել և հանգստյան օրերին կատարել շինարարական, գոմերի մաքրման և այլ բնույթի ծանր աշխատանքներ: Այս հրապարակումներին արձագանքել է Գագիկ Ծառուկյանը՝ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով, որոնցից մեկում հնչեցվել է կոչ, որը վտանգ է պարունակում ազատ մամուլի գործունեության դեմ: Այս կապակցությամբ MAMUL.am-ի խմբագրությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրել միջոցներ ձեռնարկել: Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ դիմումն ընդունվել է վարույթ և գտնվում է ուսումնասիրման փուլում: Ստորև ներկայացնում ենք դիմումի ամբողջական տեքստը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ստանալով ահազանգեր քաղաքացիներից այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններից որոշներում, 2010-2014 թթ. աշխատակիցների նկատմամբ տեղի են ունեցել պարտադրանքներ, աշխատուժի շահագործման դեպքեր, ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալությունն իրականացրել է լրագրողական հետաքննություն, զրուցել է նախկին, ներկա աշխատակիցների հետ և հանդես եկել հրապարակումներով: Հրապարակումներից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը զանգահարել է խմբագրություն, վերջնագիր և վերջնաժամկետ ներկայացրել՝ պահանջելով հեռացնել նյութը, հերքել և հրապարակային ներողություն խնդրել: Հաջորդ նյութի հրապարակումից հետո, Իվետա Տոնոյանը ֆեյսբուքում հանդես է եկել հայտարարություններով, որոնք պարունակում են ընդգծված ագրեսիվ, հրահրող հայտարարություններ: Հնչում են նաև կոչեր՝ ազատ մամուլի, ազատ խոսքի դեմ: Մասնավորապես, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Իվետա Տոնոյանի գրառման նշված հատվածին. «Նոր Հայաստանի պայմաններում այս լրատվամիջոցի տեսակն անընդունելի է» (23.07.2018, 19:04): https://facebook.com/iveta.tonoyan/posts/193080731029177 https://facebook.com/TonoyanIveta/posts/1895070623888976 Նշված հայտարարությունները հրապարակվել են նաև Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի թողարկումներում (http://kentron.tv/programs/informational-political/epiketron/17457.html) և «Անցուդարձ» հաղորդաշարի եթերում (https://kentron.tv/programs/informational-political/ancudardz/17458.html):
Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքը կարգավորվում է «Լրատվամիջոցների մասին ՀՀ օրենքով», իսկ լրատվամիջոցի գործունեության անթույլատրելիության, դադարեցման վճռի մասի հայտարարություններ կատարելու բացարձակ լիազորություն ունի միայն ՀՀ Դատարանը: ՄԱՄՈՒԼ.am-ի խմբագրությունը վերոնշյալ հայտարարությունում տեսնում է բացահայտ և քողարկված կոչեր՝ խոչընդոտելու խմբագրության աշխատանքին և հետագա գործունեությանը, ինչը բռնության դրսևորում է ազատ մամուլի և ազատ խոսքի դեմ: Պետական պաշտոնյա Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի հրապարակային հայտարարությունները պաշտոնական են, համաձայնեցված և հրապարակային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի, նրա թիկնազորի պետի անուններն արծարծվում են բռնություններով ուղղորդված աղմկահարույց դեպքերում, և այն, որ հրապարակային հրահրող հայտարարություններից բացի հնարավոր են անկանխատեսելի դրսևորումներ՝ խմբագրության, լրատվամիջոցի աշխատակիցների, տնօրինության նկատմամբ խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ: |