Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Բանանց»-ը պատասխանել է ՀՖՖ-ին

00:05, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
«Բանանց»-ը պատասխանել է ՀՖՖ-ին

«Բանանց» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, «Հունիսի 28-ին ՀՖՖ-ն «Բանանց» ֆուտբոլային ակումբին խնդրել էր՝ ակումբի ֆուտբոլիստներին շատ երկար ժամկետով թույլ տալ միանալ պատանեկան հավաքականներին.

Մասնավորապես՝

Մ17տ. հավաքական - 2002թ.
     · 2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
     · 2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ Հոկտեմբերի 26-ը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մարզումներ հավաքականի հետ

Մ19տ. հավաքական – 2000թ.
     · 2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ
     · 2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ 2019թ. Հուլիս ամիսը` յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին մարզումներ հավաքականի հետ:

Հուլիսի 4-ին և 7-ին ՀՖՖ-ից ստացված գրություններից պարզ դարձավ, որ խոսքը գնում է մինչև 19 տարեկանների հավաքականի 13 և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի 8 ֆուտբոլիստի մասին:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, գլխավոր մարզիչն ու ակումբի ակադեմիայի տնօրենը որոշում են կայացրել ֆուտբոլիստներին բաց չթողնել նման աբսուրդային ժամկետով:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը, հանդիսանալով հավաքականների համար բազային ակումբ, 15 տարուց ավելի, միշտ անվերապահորեն գործուղել է իր ֆուտբոլիստներին հավաքականներ և մտադիր է այդպես անել նաև հետագայում:

Մենք լավ ենք գիտակցում պատանեկան հավաքականների կարևորությունը հայկական ֆուտբոլի համար, սակայն պետք է ՀՖՖ-ին հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում, իսկ "հավաքական" բառն էլ ենթադրում է, որ լավագույնները պետք է ընտրվեն հավաքականի համար: Հավաքականներին միանալու համար կան միջազգայնորեն հստակ սահմանված ժամկետներ:

ՀՖՖ ներկայացրած ժամկետներից ստացվում է, որ մեր ակումբի 21 ֆուտբոլիստներ պետք է մոտ մեկ ամիս ամենօրյա մարզումներ անցկացնեն հավաքականում և չմարզվեն իրենց ակումբում: Նաև նրանք հետագայում նույնպես երկար ժամանակահատվածում պետք է շաբաթվա 7 օրերից 3-ը անցկացնեն հավաքականում:

ՀՖՖ-ին ուղղված մեր նամակում մենք խնդրել էինք պարզաբանել, թե որ նորմերի համաձայն պետք է նման ժամկետներով տրամադրենք ֆուտբոլիստներին հավաքականներին: Պատասխան մեր հարցմանը չի ստացվել:
     Նման ժամկետները ձախողում են ակումբի բնականոն աշխատանքը, քանի որ հնարավոր չէ մարզումային գործընթաց կազմակերպել մեկ թիմի 13 ֆուտբոլիստի բացակայության պարագայում: Շատ կարևոր է նաև այն, որ երկար ժամկետում շաբաթական երեք օր հավաքականում մարզվելու դեպքում պատանի ֆուտբոլիստները չեն կարող հասկանալ, թե որ ակումբում են դաստիարակվում:

Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում և լավագույնները սահմանված կարճ ժամկետներում գնում են հավաքականներ և վերադառնում են ակումբ: Բայց միայն մեր ֆեդերացիան է հանդես եկել այսպիսի նորարարությամբ և փորձում է ինքը ֆուտբոլիստներ պատրաստել՝ խաթարելով ակումբների աշխատանքը:

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ խոսքը սովորական հերթական հավաքի մասին չէ, ինչպես ներկայացված է ՀՖՖ հայտարարության մեջ, այլ երկարաժամկետ, ակումբի գործունեությունը խաթարող ժամկետի մասին է:

ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ պատանեկան հավաքականների հավանական ձախողման պատասխանատվությունը դնում է ակումբների վրա: Մենք հուսով ենք, որ հավաքականները հաջող ելույթներ կունենան, չնայած նրան որ նախկինում ֆուտբոլիստներին տրամադրել ենք հավաքականներին ՀՖՖ ցանկացած ժամկետներով, սակայն դրական արդյունքներ չեն եղել:

Եթե ՀՖՖ-ն խուսափում է պատասխանատվությունից և իր անհաջողությունների մեղքը ցանկանում է դնել ուրիշների վրա, ապա պետք է մտածել ՀՖՖ աշխատակիցների որակավորման մասին:

Ցանկանում ենք պնդել, որ նման ծրագրեր կազմելիս, ՀՖՖ-ն չգործի միայնակ, որոշումներ չպարտադրի ակումբներին, այլ աշխատի ակումբների հետ համատեղ՝ հաշվի առնելով երկրի շահերը»,- նշված է հայտարարության մեջ:

| | |
2966 | 0