Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանի նոր կառավարությունը՝ առանց գործարարների և օլիգարխների». Deutsche Welle

12:00, երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ.
«Հայաստանի նոր կառավարությունը՝ առանց գործարարների և օլիգարխների». Deutsche Welle

Հայաստանում «թավշյա» հեղափոխության հաջող ավարտից հետո իշխանության ղեկին է անցել երիտասարդությունը: Հաջողա՞կ են արդյոք ցույցերի մասնակիցները նախարարների դերում, գրում է Deutsche Welle պարբերականը:

Պարբերականը նշում է, որ նախարարների միջին տարիքը 40 տարեկանն է և որ նոր կառավարության ձևավորումից հետո երկրում չեն դադարում գործադիրի անդամների շուրջ քննարկումները:

Կառավարություն՝ առանց գործարարների և օլիգարխների

Ինչպես և խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, նոր կառավարությունում չեն լինի գործարարներ և օլիգարխներ: Սակայն հասարակությունը կասկածանքով է մոտենում կառավարությունում հայտնված, առանց վարչարարական աշխատանքի փորձի անդամներին:

«Եվ իսկապես, նոր կառավարության կորիզը դարձան Փաշինյանի երիտասարդ աջակիցները: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 29 տարեկան են, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ 30, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 36, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ 32, ամենամեծը Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է 52 տարեկան:

Չափանիշը՝ երիտասարդ և էներգիայով լի

Ի՞նչ չափանիշով էր Նիկոլ Փաշինյանը ձևավորում նոր կառավարությունը: Deutsche Welle-ն նշում է, որ հայ հասարակության շրջանում մեծ ճանաչվածություն է ձեռք բերել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն 39-ամյա Արթուր Վանեցյանը, այն դեպքում, երբ նախկինում այդ պաշտոններն զբաղեցրած անձանցից վախենում էին և նույնիսկ ատում էին: Մեկուկես ամսվա ընթացքում Վանեցյանը հասցրել է պաշտոնյաների մասնակցությամբ բազմաթիվ հանցավոր սխեմաներ, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման, առանձին զորամասերում առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման դեպքեր բացահայտել: Դրանից զերծ չեն մնացել նախկին իշխանության անդամները, արդեն քրեական գործեր են հարուցվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր և ընտանիքի այլ անդամների նկատմամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ որպես գլխավոր արդյունք

Ինչ վերաբերում է նոր կառավարության աշխատանքին, փորձագետները դեռևս դժվարանում են միանշանակ գնահատական տալ, քանի որ դեռ մեկուկես ամիս է անցել: Այդուհանդերձ, առանձին արդյունքներ արդեն ակնհայտ են:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանում կաշառակերությունը համակարգային բնույթ է կրում, ակնհայտ է, որ հայտարարված անուններն այսբերգի միայն սառցաբեկորի գագաթն են»,- պարբերականին ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա կարծիքով՝ գլխավոր խնդիրը, որը պետք է լուծի նոր իշխանությունը, կաշառակերությունն արմատախիլ անելն է: Դրա համար, ըստ Մեհրաբյանի, բավարար չէ առանձին-անձանց պատասխանատվության ենթարկելը, անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ:

Նոր կառավարության պլյուսներն ու մինուսները

Նոր կառավարության հաջողությունների մասին պարբերականի հետ զրույցում խոսել է նաև քաղաքագետ Միքայել Զոլյանը. «Գրեթե ամեն օր մենք լսում ենք կոռուպցիոն հանցանքների բացահայտումների, աղմկահարույց ձերբակալությունների մասին: Մեկ այլ դրական կողմը նոր կառավարության թափանցիկությունն է: Ե՛վ Փաշինյանը, և՛ կառավարության անդամները հաճույքով են շփվում մամուլի, ժողովրդի հետ՝ նաև սոցցանցերում ուղիղ եթերների միջոցով»:

Նոր կառավարության բացասական կողմերը փորձագետները նշում են բարեփոխումների ընդհանուր ռազմավարության բացակայությունն ու տարբեր գերատեսչությունների միջև կոորդինացման թերությունները:

Կատարած աշխատանքի մասին ստիպված կլինեն զեկուցել աշնանը

Ըստ փորձագետների՝ արդեն աշնանը կլրանա նոր կառավարության աշխատանքի 100-րդ օրը, չլուծված բոլոր հարցերը կարող են բարձրացվել ոչ միայն ընդդիմադիրների կողմից, այլ նաև նրանց, ովքեր աջակցում էին նոր իշխանությանը:

11174 | 0
Facebook