Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Ինչպես եք պատկերացնում Քարե կամուրջը, որի տակով հոսում է ոչ թե թումանյանական գիժ Դև- բեդը մոլի, այլ զազրելի կոյուղատար». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

22:10, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
«Ինչպես եք պատկերացնում Քարե կամուրջը, որի տակով հոսում է ոչ թե թումանյանական գիժ Դև- բեդը մոլի, այլ զազրելի կոյուղատար». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Լոռիում ապրող Լիլիթ Գալինյանը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի առաջնորդ պարոն Փաշինյան:

Երբ հանձն առաք սկսելու թավշյա հեղափոխության դժվարին գործը, մեր հանրապետությունում և սփյուռքում բնակվող հայերը համոզված էին և հիմա էլ վստահ են, որ եկել է օրենքի և արդարության ժամանակաշրջան. այլևս վտանգված չեն պետականությունն, ազգային արժեքները, մշակույթը, տնտեսությունը, բնությունը: Եվ այն համահայկական ուրախությունը, որը վերապրեց ամբողջ ազգը, անշուշտ, պետք է ունենա իր ցանկալի շարունակությունը:

Թավշյա հեղափոխությունը մայիսի 8-ին ոչ թե ազդարարեց իր հաղթական ավարտը, այլ հզոր երկիր կառուցելու, մեր երբեմնի՝ Տիգրանմեծյան վարկանիշը հաստատելու և երբեք չկորցնելու գործընթացը:

Պարոն Փաշինյան, ես ալավերդցի եմ և ցանկանում եմ գրել իմ և լոռեցիների անունից «Շնող ՀԷԿ»-ի կառուցման մասին: Նախկին կառավարության կողմից այն արժանացել է հավանության, այն կառավարության, որի պատճառով երկրը պարալիզվել էր, որտեղ երբեք չի եղել պետության շահ: Այն ստորադասվել է որոշ պաշտոնյաների և գործարարների անձնական շահերին: Այն կառավարության, որ ապականել է մեր Լոռվա բնաշխարհը բնապահպանական խնդիրներով, և որոնք արդարացիորեն պետք է ընդգրկվեին Հայաստանի Հանրապետության հրատապ լուծում ենթադրող խնդիրների ցանկում.

Ø Լեռնամետալուրգիական գործարանի պարբերաբար օդ արտանետվող թունավոր նյութերի սարսափելի քանակը, որը անտանելի է դարձնում Ալավերդի, Օձուն, Աքորի, Հագվի համայնքների բնակիչների կյանքը;

Ø Մաքրման կայանի բացակայությունը, որի պատճառով կոյուղաջրերը թափվում են Դեբեդ գետը:

Այս խնդիրները քիչ համարելով՝ նոր էկոլոգիական աղետի սկիզբ է դրվել նախորդ կառավարության թույլտվությամբ, 2017-ի օգոստոսի 10-ին, 973 – Ա որոշումով Լոռու մարզի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծին՝ հիմնավորելով իբր տնտեսություն են զարգացնում: Ես դիմել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և բնապահպանության նախարարներին: Առաջին նախարարությունը պատասխանեց, որ այդ ՀԷԿ-ի կառուցումը ՀՀ տնտեսության զարգացման ռազմավարական ծրագրում է ընդգրկված: Ինչպե՞ս կարելի է տնտեսության զարգացումը տեսնել խախտումներով կառուցվող ՀԷԿ-երի և հանքերի կոնտեքստում: Մ՞իթե մեր երկիրը էլ. Էներգիայի խնդիր ունի և այն ստանալու միակ եղանակը ՀԷԿ-երն են: Կան նաև վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ այլընտրանքային միջոցներ: Օրինակ, արևային, հողմային կենսազանգվածի ռեսուրսները: Բնապահպանության նախարարության պատասխանը ավելի հիասթափեցնող էր. «Բնապահպանության նախարարությունը «Շնող ՀԷԿ»- ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվության հայտ չի ստացել»: Այսինքն, առանց այդ թուլտվության, միգուցե պարզվի առանց բնապահպանական փորձաքննությունների և ուսումնասիրությունների կառավարությունը որոշեց կառուցել «Շնող ՀԵԿ»-ը և զարգացնել տնտեսությունը: Փաստորեն մեր բնապահպանության նախարարին բոլորովին չեն հուզում այն խնդիրները, որոնց սկիզբը դնելու է այդ ՀԷԿ-ը: Միգուցե մեր նախարարը չգիտի նաև, թե ինչպես են Ալավերդու բնակիչները շնչահեղձ լինում կոմբինատի՝ մթնոլորտ արտանետած «թույնից»:

Իսկ որտեղ է առողջապահության նախարարը: Կասկածի ենթակա «Գարդասիլ» պատվաստանյութի գովքն է անում, փորձում է փրկել դեռահաս աղջիկներին արգանդի վզիկի քաղցկեղից. «Պատվաստենք, որ տասնյակ տարիներ հետո հանկարծ քաղցկեղով չհիվանդանան»: Բա մեր ալավերդցիները այդքան «թույն» են շնչում: Ո՞վ պետք է մտածի այդ մասին, ո՞վ պետք է ռազմավարություն մշակի:

ՄԵԶ՝ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԱՂԵՏ:

Ամենաջրառատ գետը՝ Դեբեդը, Ձաղիձորից մինչև Շնող հատվածում փորձում են վերածել կոյուղատարի: Գետի երկայնքով տեղակայված համայնքներում՝ Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շնող, տիրելու է գարշահոտություն:

Ինչքան կարելի է խոշտանգել կանաչապատ տարածքները, ընդերքը, գետերը ինչ-որ գործարարների քմահաճույքով, և թմբկահարել, թե տնտեսություն ենք զարգացնում, աշխատատեղեր ենք ստեղծում… Այս և մյուս ՀԷԿ-երի, հանքերի շահագործումն ուղղակի հարված է սոցիալական, մշակութային, առողջապահության, զբոսաշրջության, ժողովրդագրության ոլորտներին: Անմասն չեն մնալու նաև զբոսաշրջության ոլորտի այն օղակները, ենթակառուցվածքներ՝ սրճարաններ, հյուրանոցներ և հյուրատները, ռեստորանները՝ տեղակայված գետի ափամերձ հատվածում, որոնք սպասարկում են զբոսաշրջիկներին: Հերթական հարվածն է հասցվելու փոքր և միջին ձեռնարկատերերին:

Դեբեդի վրա ռաֆտինգով զբաղվելը անցնելու է պատմության գիրկը, որը, ի դեպ, նույնպես զբոսաշրջությունը զարգացնելու բավականին հետաքրքիր և էքստրեմալ ուղղություն է: Այս սպորտաձևի մեկնարկը տրվել է 2017 թվականին:

Դուք պատկերացնո՞ւմ եք այն զբոսաշրջիկների դեմքի արտահայտությունը, երբ նրանք ցանկանան այցելել մեր տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները և ականատես լինեն երբեմնի ջրառատ Դեբեդի փոխարեն սակավաջուր «կոյուղատարի»: Ինչպես եք պատկերացնում Քարե կամուրջը, որի տակով հոսում է ոչ թե թումանյանական գիժ Դև- բեդը մոլի, այլ զազրելի կոյուղատար: Բա էլ ինչպե՞ս ենք զարգացնելու զբոսաշրջությունը, ինչպե՞ս ենք պահպանելու մեր հուշարձանները:

Այդ գետն իր վայրի գեղեցկությամբ մեծ շուք է տվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին:

Վնասվելու է գետի ֆաունան, ֆլորան: Գետին հարակից հողամասերի ոռոգումը դառնալու է երազանք: Ինչպե՞ս ենք համոզելու մեր երեխաներին, որ չգնան և չլողանան կոյուղաջրերում ամառվա շոգին... Պատկերացրեք ամառվա շոգ, գարշահոտություն, կոյուղաջրեր, համաճարակներ…

Ինչպե՞ս ենք համոզելու մեր լոռեցիներին, որ չարտագաղթեն իրենց ԴՐԱԽՏԱՎԱՅՐԻՑ՝ փորձելով փրկվել սպասվող մղձավանջից:

Սա ազգային անվտանգության խնդիր է:

Մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ լոռեցիներս, համոզված ենք, որ ՀՀ տնտեսության զարգացման Ձեր տեսլականը մերժում է վերոնշյալ հակապետական քայլերը: Մենք Ձեզ խնդրում ենք չեղարկել այդ չարաբաստիկ «Շնող ՀԷԿ»-ի կառուցման որոշումը:

Հարգելի ընկերներ, հարազատներ, մարդիկ Հայաստանում թե Հայաստանից դուրս ապրող, ովքեր անտարբեր չեն, ավելին, դեմ են նախկին կառավարության «թեթև» ձեռքով կայացրած անօրեն որոշումներին, որոնցից մեկը «Շնող ՀԷԿ»--ի կառուցումն է: Այս նամակը հրապարակելու նպատակը այն կարճ ճանապարհով վարչապետին հասցնելն է, որին մասնակից կարող եք դառնալ նաև դուք: Համցանցում այս նամակի տարածելն այնքան էլ բարդ գործ չէ: Միասին փորձենք հասնել այս ՀԷԿ-ի կառուցման նախագծին հավանություն տված որոշման պաշտոնական չեղարկմանը»:

9204 | 1
Facebook