Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է իր աջակիցներին և հայտարարել, որ ըստ բոլոր ընտրատեղամասերի տվյալների՝ հաղթում է նախագահական ընտրություններում առանց երկրորդ փուլի, հաղորդում է BBC-ն:
«Թուրքիան ժողովրդավարության դաս տվեց ողջ աշխարհին»,- ասել է Էրդողանն Ստամբուլում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ:
Վկայակոչելով պաշտոնական տվյալները՝ Էրդողանն ասել է, որ հավաքել է ձայների 53%-ը, իսկ իր մրցակից Մուհարեմ Ինջեն՝ 31%-ը:
Էրդողանը նաև հայտարարել է, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ապահովել է մեծամասնությունը:
«Երկիրն ինձ վստահել է նախագահի և գործադիր իշխանության պատասխանատվությունը»,- հավելել է 64-ամյա քաղաքական գործիչը:
Նշենք, որ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հավելենք նաև, որ Թուրքիայում շարունակում է գործել արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր 2016թ. հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Թուրքիայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2019թ., սակայն Էրդողանն արտահերթ ընտրություններ նշանակեց: Նախընտրական քարոզարշավի վերջին օրը երկու մրցակիցները՝ Էրդողանն ու Ինջեն, հանդես եկան բազմահազարանոց հավաքների ժամանակ, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը հայտարարեց, որ մրցակիցը չի կարող ղեկավարել երկիրը:
Ինջեն, ով կարողացավ կարճ ժամանակահատվածում հաջողության հասնել և ոգեշնչել թուրքական ընդդիմությունում նոր ուժերին, խոստացել էր հակազդել Էրդողանի օրոք տիրող «ավտորիտար կառավարմանը»: