Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որոշ զարգացումներ, որոնք կարող են լինել դիվանագիտական ու ռազմական բախումների պայման». Նաիրի Հոխիկյան

22:20, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
«Որոշ զարգացումներ, որոնք կարող են լինել դիվանագիտական ու ռազմական բախումների պայման». Նաիրի Հոխիկյան

Արցախի ՊԲ երեկվա տարածած տեսանյութով հաստատվում են վերջին 5-6 ամիսներին հասունացող մտահոգությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների:

Ամենևին կասկածի տակ չդնելով հայկական բանակի կարողություններն ու բանակի ղեկավարության ունակությունները (մանավանդ որ, հանրային ու լրագրողական դաշտի ներկայացուցիչները առնվազն այնքան տեղեկություն չունեն, ինչքան բանակի անձնակազմը)՝ մատնանշեմ որոշ զարգացումներ, որոնք կարող են լինել դիվանագիտական ու ռազմական բախումների պայման:
     -Պատահական չէ, որ Ադրբեջանը մեծ քանակի զենք ու խոշոր տրամաչափի սպառազինություն է ձեռք բերում ու տեղակայում հիմնականում սահմանամերձ վայրերում՝ իսրայելական LORA-ն դրանցից առավել վտանգավորն է:

-Նախիջևանում թեև էական առաջխաղացում չի եղել (ՊՆ-ն է այդպես ասում, իսկ ես չվստահելու հիմք չունեմ), բայց այնտեղ հաստատված թուրքական ջոկատներն ու պարբերական զորավարժանքները խոսում են հենց այդ տարածքից սադրիչ գործողությունների անցնելու մտադրության մասին: Երևանը Նախիջևանից ուղիղ գծով հեռու է մոտ 60 կմ:

-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարզական խոշոր մրցաշարերի ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է դրանց վրա, առավել արդյունավետ է հարձակվել և անակնկալի բերել հակառակորդին՝ միջազգային հանրության ուշադրությունից դուրս: 2008թ. օգոստոսին՝ օլիմպիական խաղերի ժամանակ Վրաստանի կողմից Աբխազիայի վրա հարձակման փորձը՝ օրինակ: Հունիսի 14-ին ՌԴ-ում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ տևելով 1 ամիս:

-Հայկական (այդ թվում՝ Արցախը) կողմի աքիլլեսյան գարշապարը միշտ եղել է և կա անկայունությունը: Եթե երկիրը ունի ներքին կայունություն, անհնար է իշխանության, հանրության և բանակի համար խուճապ ստեղծել: Հետևաբար այս պահին մեզ համար առավել կարևոր է ունենալ ներքին համերաշխություն՝ առանց էմոցիաների և ամբիցիաների: Արցախի ներքին կայունությունը առավել կարևորն է:

Այս իրավիճակում, իմ կարծիքով, նախ մեր՝ լրագրողական դաշտը պետք է իր մեջ ուժ գտնի՝ պետական ու ազգային շահը գերադասել սենսացիայից, չտարածել խուճապ ստեղծող տեղեկություններ, լուն ուղտի չվերածել:

Իհարկե, նշածս թեզիսներն ընդամենը վարկածներ են, բայց հանրության համար շատ կարևոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ վստահ լինելով, որ մեր բանակը պատրաստ է համարժեք պատասխան տալ թշնամուն: Ի վերջո, մենք տասնյակ անգամ ավելի պատրաստ ենք սահմանը պահելու, քան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ:

Հուսով եմ, բանակի ղեկավարությունը օբյեկտիվ է գնահատում իր ռեսուրսները:

6371 | 1
Facebook