Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաստորեն՝ Վարդան Հարությունյանը ստում էր

23:40, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Փաստորեն՝ Վարդան Հարությունյանը ստում էր

2017-ի նոյեմբերի 24-ին, ՊԵԿ՝ այն ժամանակվա նախագահ Վարդան Հարությունյանը հերքել էր տեղեկություններն, ըստ որի՝ ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ն օֆշորային կառույց է, և դրա սեփականատերն ինքն է: «Ոչ թե հերքում եմ, այլ միանշանակ հերքում եմ: Ով գրում ա էդ մասին, գնացեք, ասեք, թող ապացուցեն, փաստարկներ բերեն: Ի՞նչ է նշանակում՝ կառույցն օֆշորային է... Հերքում եմ»,- ասել էր նա:

Նույն օրը խնդրին անդրադարձել էր նաև այն ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունն օֆշորային ծագում ունի և վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել»։

Այսօր՝ 2018-ի մայիսի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ հարցաքննվել են: «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԱԾ-ի կողմից մաքսային տեսչությունում իրականացրած հատուկ գործողություններից
30991 | 3
Facebook