Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արտահերթ ընտրություններ. երբ և ինչպես

13:35, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Արտահերթ ընտրություններ. երբ և ինչպես

Ակնհայտ է, որ խորհրդարանում և խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն չի համապատասխանում գոյություն ունեցող արտախորհրդարանական առկա քաղաքական քարտեզին, ինչն անառողջ քաղաքական զարգացումների համար պարարտ հող է: Ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական և քաղաքակիրթ միակ ճիշտ ճանապարհը, կարծում եմ` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն սեղմ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, ինչն ավելի կամրապնդի միջազգային հանրության մոտ քաղաքական ազգ լինելու մեր հավաքական կերպարը:
     Ըստ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսած ժամանակացույցի, ԱԺ արտահերթ ընտրությունները կարելի է կազմակերպել այսօրվանից հաշված` 72 օր հետո`օգոստոսի 5-ին: Այդ ընթացքում ԱԺ-ն պետք է փոփոխություններ կատարի Կուսակցությունների, Ընտրությունների մասին օրենքներում և սահմանափակի վարչապետի լիազորությունները: Այն կարելի է իրականացնել ԱԺ երեք քառօրյանների ընթացքում, անհրաժեշտության դեպքում`նաև խորհրդարանի արտահերթ նիստեր գումարելու միջոցով: Այս օրենքների նախագծերը հիմնականում կան ԱԺ հանձնաժողովների թղթապանակներում, այլ խոսքով` ժամանակն ամբողջությամբ բավարար է նշված օրենքներում փոփոխություններ կատարելու համար:
     Իդեպ, այդ թղթապանակներում առկա է նաև իմ հեղինակած` «Ընտրությունների մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսում է համապետական համամասնական ընտրական համակարգ:
     Շատ կարևոր է, որ մինչ այդ ազատության մեջ լինեն նաև քաղբանտարկյալները` ընտրությունների լիգիտիմության անխոցելիությունն ապահովելու համար:
     Իմ դիտարկմամբ, ճանապարհային քարտեզը, որով պետք է իրականացվի սուղ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացումը, համեմատաբար անխոցելի է և, կարծում եմ, ընդունելի կլինի հասարակության մեծամասնության կողմից:
     Եվ այսպես. հունիսի յոթին նախատեսված է ԱԺ-ում նորանշանակ կառավարության ծրագրի քննակումն ու հաստատումը: Ծրագրի փոխարեն, կարծում եմ, պետք է ներկայացվի մոտավորապես հետևյալ բովանդակությամբ քաղաքական ուղերձ. «Ստեղծված քաղաքական իրողությունների պայմաններում, երբ գործող խորհրդարանի մեծամասնությունը փոքրամասնություն է խորհրդարանից դուրս, իսկ ԱԺ-ում ինը պատգամավորներով փոքրամասնությունը` մեծամասնություն արտախորհրդարանում, մենք պարտավոր ենք այս քաղաքական անոմալիայից օր առաջ ազատվել: Առողջ և բնականոն քաղաքական զարգացումների համար անհրաժեշտ է, որ խորհրդարանն իրապես արտացոլի քաղաքական ուժերի իրական պատկերը հասարակությունում: Ստեղծված իրավիճակում միակ ճիշտ` քաղաքական, քաղաքակիրթ, նաև բարոյական լուծումը` ՀՀ Սահմանադրությաբ նախատեսված ամենասեղմ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Կոչ եմ անում ընդունել այս քաղաքական ուղերձի` այս պահին մեր պետության համար կենսական անհրաժեշտությունը և այսօր չհաստատել ծրագիր: Կարծում եմ հասկանալի է, որ ծրագիր չհաստատելուց հետո պետք է չընտրվի նաև Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ կետով նախատեսած նոր վարչապետ, որի դեպքում ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:
     Թե´քաղաքականապես, թե´ բարոյապես նման բովանդակությամբ ուղերձն անխոցելի է, և չեմ կարծում, որ ԱԺ-ում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով քաղաքական առողջ և բնականոն զարգացումների կողմնակից է, չի համաձայնի այս ուղերձի ճշմարտացիության և անհրաժեշտության հետ:
     Պետություն, որի պետական կառավարման համակարգը պառլամենտական է, պետք է հնարավորինս շուտ ազատվի այսօր ձևավորված պառլամենտական անոմալիայից: Հորդորով իշխանավորին հեռացնելը կամ քվեարկություն պարտադրելը ժամանակի մեջ հաստատուն ընթացք է թավշյա հեղափոխությունից դեպի թավշյա տեռոր: Անհրաժեշտ է կառուցել նորը, որտեղ պետք է ոչ ևս լինեն հորդորով իշխանավորին փոխելն ու պարտադրանքով քվեարկություն կազմակերպելը, ինչը ժողովրդավարական չէ` հորդորողի և քաղաքականապես նվաստացուցիչ է` պարտադրվողի համար: Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ ազատ, արդար, և, որ ամենակարևորն է` վերջապես չկեղծված ընտրությունների միջոցով ժողովրդի քաղաքական իրական ընտրությունը բերել խորհրդարան:
     Ուշացումն այս դեպքում իսկապես լի է անկանխատեսելի քաղաքական զարգացումներով, ինչի արդյունքում պետության ներքաղաքական կյանքը կարող է վերածվել քաոսի:

Հ.Գ. Կցանկանայի տեսնել նաև ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու այլ տարբերակներ:

7804 | 2
Facebook