«Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հայտարարել էր, որ Հայաստանի մասին ռուս լրագրող, հաղորդավար, նավթային ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը չի արտացոլում այդ ընկերության դիրքորոշումը:
«Լրագրող Միխայիլ Լեոնտևի մասնավոր հայտարարությունները չեն արտացոլում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշումը Հայաստանի հետ համագործակցության հարցում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
«Ռոսնեֆտ»-ը նշում է նաև, որ «ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և երկրի խորհրդարանի որոշումը, բացի այդ, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և ապահովում գործարքային պարտավորությունների իրականացումը»:
Ավելի վաղ Լեոնտևի հայտարարությանն էր անդրադարձել Կրեմլը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այդ կարծիքը որևէ կապ չունի Հայաստանի հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերություններին, որևէ ընդհանրություն չունի նաև երկու բարեկամական և եղբայրական պետությունների հարաբերությունների հետ:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի հայերը շրջափակել էին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի խմբագրության շենքը՝ Լեոնտևից պահանջելով ներողություն խնդրել սկանդալային հայտարարության համար: