Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերման եզրին է

01:10, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Cumhuriyet-ին:

«Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, լքված այս եկեղեցու ճակատագիրը, ցավոք, միայն այս փոսերն են որոշում։ Եկեղեցին օրեցօր ավերվում է», - պատմում է Թաքուշը։

Նրա վկայությամբ՝ Գերմուշը նախկինում հայաբնակ գյուղ է եղել։ «Հայտնի է, որ այստեղ նախկինում շուրջ 700 հայ ընտանիք է ապրել։ Հայկական եկեղեցում արձանագրություններ չկան, ուստի կառուցման տարեթիվը հստակ չգիտենք։ Սակայն ենթադրվում է, որ այն 19-րդ դարի կառույց է», -հավելել է միության ներկայացուցիչը։

Շանլըուրֆայում բնակվող մեկ այլ վկա էլ , ում անունն աղբյուրը չի հրապարակում, մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 7 եղբայրների կողմից։ «Մինչև 2015թ․ կառույցն օգտագործվել է որպես անասնագոմ։ Դա դժգոհություններ առաջացրեց, ինչից հետո այստեղ այլևս կենդանիներ չբերեցին։ Թուրքիայի պաշտոնաթերթի 2011թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 28093 համարում հրապարակվեց մի որոշում, ըստ որի Մշակույթի նախարարությունը եկեղեցին պիտի վերածեր զբոսաշրջության զարգացման կենտրոնի։ Տարածքում ցուցանակ տեղադրվեց, բայց համապատասխան պաշտոնյաները մինչ օրս այս պատմական եկեղեցու և շրջակայքի պահպանման ու վերականգնման համար որևէ աշխատանք չեն սկսել», - պատմել է քաղաքացին։

Աղբյուրը` ermenihaber.am
8678 | 1
Facebook